Բացառիկ մանրամասներ. ո՞ւմ է ծեծել Շենգավիթի նախկին թաղապետը, հարցը Փաշինյանին է հասել

15/06/2025 08:44 Քաղաքական

24News-ը գրել էր, որ կալանավորվել է Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը: Մեզ հայտնի են դարձել մանրամասներ, թե ինչու:

Հերթական ծեծկռտուքն էր տեղի ունեցել, այս անգամ արդեն նախկին թաղապետի մասնակցությամբ։ 24News-ին հայտնի է դարձել, որ սկանդալի կենտրոնում է հայտնվել օրերս հրաժարականի դիմում ներկայացրած Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, ինչն էլ և պատճառ է հանդիսացել նրա կալանավորման:

Այժմ բացառիկ մանրամասներ, թե ինչ է տեղի ունեցել, ում է ծեծել Ռազմիկ Մկրտչյանը:

Նախորդ շաբաթ Ռազմիկ Մկրտչյանը և ևս մի քանի հոգի ՔՊ երիտթևի ներկայացուցիչներից մեկի տանը Նորագավիթում ծեծի են ենթարկում ՔՊ Շենգավիթ ՏԿ-ի ղեկավար Տիգրան Մակարյանին: Մակարյանին երիտթևի անդամներից մեկը, որը ոչ այնքան բարիդրացիական հարաբերություններ է ունեցել վերջինիս հետ և ինչի մասին տեղյակ է պահել Մկրտչյանին, նախորդ շաբաթ այլ պատրվակով իր տուն է հրավիրել, իբրև թե՝  ներկուսակցական հարց քննարկելու, որտեղ Ռազմիկ Մկրտչյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Տիգրան Մակարյանին։ Դրա մասին անմիջապես տեղեկանում է Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Ավինյանից պահանջում Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանին անհապաղ հեռացնել աշխատանքից։

Մեզ հայտնի դարձավ նաև, որ այդ հարցով հինգշաբթի օրը ՔՊ վերահսկող հանձնաժողովը նիստ է գումարել, քննարկել Մկրտչյանի և Մակարյանի ծեծկռտուքի հարցը, որպեսզի հետո այն քննարկեն ՔՊ վարչության նիստում։ Վերահսկող հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ցիրունյանի հրապարակած լուսանկարներում երևում է, որ Շենգավիթի ՏԿ-ի նախագահ Տիգրան Մակարյանի դեմքին կապտուկ կա։ Նիստին ներկա է եղել նաև Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը:

24News-ը դեռ ուրբաթ օրը կապ էր հաստատել Շենգավիթի արդեն նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի հետ, իր տեսակետը լսելու և մեկնաբանություն ստանալու համար, վերջինս, սակայն, հերքեց տեղեկությունը, թե նրանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ «Դուք հիմա շատ պատասխանատու բաներ եք խոսում, որը շատ վատ ա, էլի։ Տիգրանն իմ ընկերն ա, էս ինչեր եք ասում, էլ էս խոսակցությունը չշարունակե’ք, շնորհակալություն, ցտեսություն»,- ասաց Մկրտչյանը։

Տիգրան Մակարյանն էլ, իր հերթին, հերքեց, որ ծեծկռտուք չի եղել և զբաղված լինելու հանգամանքով պայմանավորված, ասաց, որ տեղը հարմար չէ և որ այդ հարցին չի ցանկանում պատասխանել․ «Նման բան գոյություն չունի»,- ասաց Շենգավիթ ՏԿ նախագահը։

Մեր ճշտող հարցին, եթե նման բան գոյություն չունի, այդ դեպքում նա և Ռազմիկ Մկրտչյանը ինչու՞ էին ներկա ՔՊ վերահսկող հանձնաժողովի նիստին, Մակարյանն ասաց, որ որպես խորհրդի նախագահ պարտավոր է ներկա լինելու։

Եթե Մակարյանի ասածը իրականություն է, այնուամենայնիվ հարց է առաջանում, ինչու՞ են նրանք միայն նախորդ շաբաթ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո երկուսով ներկա գտնվում հանձնաժողովի նիստին։

24News-ը կապ հաստատեց նաև ՔՊ վերահսկող հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ, որը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մեր տեղեկությունը։ Միայն ասաց, որ վերահսկող նիստերի օրակարգերը ներկուսակցական են և հրապարակման ենթակա չեն։

Մենք դիմել էինք ՆԳՆ տեղի ունեցած միջադեպով պայամանվորված, որտեղից մեզ հայտնել էին, որ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ փաստաթղթերը կազմվել և ուղարկվել են Քննչական կոմիտե:

24News-ը դեռ հինգշաբթի օրը դիմել էր նաև Քննչական կոմիտե, տեղեկանալու՝  վարույթ կա՞ հարուցված, թե՞ ոչ։ Կառույցից մեր հարցին ի պատասխան նշեցին, որ այս պահին որևէ քրգործ առկա չէ։ Հաջորդ օրը կրկին կապ հաստատեցինք, սակայն մեզ ասացին, որ տեղեկատվություն չկա: Այնուհետև մեր մյուս հարցադրումները ևս մնացին անպատասխան մինչ օրս: Կառույցի լռությունն անհասկանալի է, քանի որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն` մինչ մեր հարցումը Տիգրան Մակարյանն արդեն իսկ ՔՊ պատգամավորներից մեկի հետ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել էր, իսկ ՆԳՆ-ից հայտնել էին, որ փաստաթղթերը փոխանցել են Քննչական կոմիտե:

Հետո արդեն պարզ դարձավ, որ Մկրտչյանին ձերբակալել, ապա կալանավորել են 2 ամսով:

Նշենք նաև, որ մեզ տեղեկություններ են հասել այն մասին, որ Ռազմիկ Մկրտչյանը մինչ այս դեպքը թաղապետարանում ևս մարդ է ծեծել:

Մերի Մանուկյան

–00—ՅՄ