Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

14/06/2025 17:37 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 35-ամյա Կառլեն Շ․-ի վարած «Mercedes Viano» մակնիշի և 33-ամյա Հարություն Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց մեջ կա նաև անչափահաս, տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Astra»-ի գազի բալոնի փականը։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

–00—ՄԱ