Մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2025 թվականի հունիսի 14-ին գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։
Գնացքն առաջիկա ամիսներին կշարունակի գործել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը։ Երևանից մեկնումը նախատեսվում է օրումեջ։ Ամառային սեզոնի ընթացքում դադարեցվել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով երթևեկությունը, իսկ Թբիլիսի կարելի է հասնել Բաթումիի գնացքով։ Նախորդ տարվա համեմատ՝ գների մեջ էական փոփոխություններ չեն կատարվել։ Լրացուցիչ տեղեկություններ և տոմսերի գները հասանելի են ընկերության պաշտոնական կայքում՝ www.railway.am։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ից գործարկվել է նաև սեզոնային մերձքաղաքային էլեկտրագնացք՝ Երևան-Սևան-Շորժա-Երևան երթուղով, որը գործում է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։
–00—ՅՄ