ՀՀ-ն պատրաստ է ընդունել բոլոր շահագրգիռ կողմերին COP17-ին մասնակցելու համար․ փոխարտգործնախարար

13/06/2025 20:25 Ներքին կյանք

Հունիսի 12-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի ճեպազրույցը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է.

«Տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկրի, և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության կողմից կազմակերպված այս ճեպազրույցին միանալու համար:

Քանի որ Հայաստանը սկսել է ինտենսիվ նախապատրաստական աշխատանքները հաջորդ տարի Երևանում COP17-ը հյուրընկալելու համար, ցանկանում ենք օգտվել այս հնարավորությունից՝ համառոտ ներկայացնելու կենսաբազմազանության COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու բովանդակային ասպեկտները:

Սակայն, նախ և առաջ, թույլ տվեք ներկայացնել Հայաստանի տեսակետը Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի համատեքստում: Թեև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող լեռնային երկիր է, այն լիովին կիսում է միջազգային մտահոգությունները ծովային և օվկիանոսային կենսաբազմազանության պահպանման առնչությամբ՝ որպես մարդկության համընդհանուր ժառանգության։ Այսպիսով, ծովային կենսաբազմազանության պաշտպանության վերաբերյալ գլոբալ քննարկումներում մեր ակտիվ ներգրավվածությունն առավել քան կարևոր է:

Հայաստանի նման դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար օվկիանոսը դիտարկվում է ոչ միայն որպես բնապահպանական խնդիր, այլև գիտության, տեխնոլոգիայի, սննդի անվտանգության և առողջապահության ոլորտներում առկա հնարավորություն: Համոզված ենք, որ սրանք օգուտներ են, որոնք պետք է արդարացիորեն բաշխվեն բոլոր պետությունների միջև՝ անկախ նրանց աշխարհագրական դիրքից:

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովին մեր մասնակցության առաջնային նպատակը համաշխարհային օվկիանոսային քաղաքականության քննարկումներում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների շահերի և մտահոգությունների իմաստալից ներառման ապահովումն է: Այդ պատճառով է, որ Հայաստանը Համաժողովին ներկայացված էր ամենաբարձր՝ նախագահի մակարդակով՝ որպես օվկիանոսային գործողությունների նկատմամբ մեր հանձնառության ցուցադրում։

Երկրորդ, Հայաստանը՝ որպես հաջորդ տարի COP17-ը հյուրընկալող երկիր, դիտարկում է իր մասնակցությունը Համաժողովին՝ որպես գլոբալ ջանքերի համադրման նկատմամբ ստանձնած պատասխանատվության մաս: Մեր նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես կարող են այս Համաժողովի արդյունքները նպաստել COP17-ի նպատակների առաջխաղացմանը, որն իր հերթին կենտրոնացած է լինելու Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) առաջին գլոբալ վերանայման շուրջ:

Այդ համատեքստում, Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովին Հայաստանի մասնակցության կարևորագույն իրադարձություններից մեկը «Լեռներից մինչև օվկիանոս. կենսաբազմազանության պահպանում շրջակա միջավայրի սահմաններում՝ հանուն կայուն ապագայի» խորագրով բարձրաստիճան միջոցառումն էր: Այն կազմակերպվել էր Հայաստանի՝ որպես կենսաբազմազանության COP17-ի հաջորդ հյուրընկալողի և Ֆրանսիայի՝ որպես UNOC3-ի համակազմակերպիչ պետությունների կողմից՝ ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության աջակցությամբ: Միջոցառումը կարևոր առաջարկներ ներկայացրեց կենսաբազմազանության պահպանման ինտեգրված և համապարփակ մոտեցումների ձևավորման ուղղությամբ՝ իրացնելով ցամաքային գործողությունները ծովային էկոհամակարգերի պահպանման համար։

Մեկ այլ կարևորագույն նվաճում էր Հայաստանի կողմից «Ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագրի ստորագրումը, որն ի ցույց է դնում մեր՝ բնապահպանությանն ուղղված ամուր հանձնառությունը և COP17-ին ընդառաջ միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը:

Մեր համոզմամբ, Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի և Կենսաբազմազանության  COP17-ի գործընթացները սերտորեն փոխկապակցված են և փոխլրացնում են միմյանց: Կալիում և Հռոմում կայացված COP16-ի արդյունքները ամուր հիմք են տալիս վերջիններիս համար: Դրանք ներառում են բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների և աֆրիկյան ծագում ունեցող ժողովուրդների իրավունքների և դերակատարության, ինչպես նաև ռեսուրսների մոբիլիզացման և ֆինանսավորման մեխանիզմների առանցքային որոշումներ:

Օվկիանոսի օրակարգի համատեքստում կարևոր նշանակություն ունի COP16-ի՝ էկոլոգիապես կամ կենսաբանական առումով կարևոր ծովային տարածքների (EBSAs) վերաբերյալ որոշումը, որը սահմանում է օվկիանոսային էկոհամակարգերի պահպանման հիմնական գործիք հանդիսացող ծովային կենսաբազմազանության պահոցների պահպանման և թարմացման եղանակները:

Ինչպես տեսնում եք, այս գործընթացները սերտորեն փոխկապակցված են և դրանցից մեկում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է մյուս ուղղություններով ևս ակտիվացնել գործողությունները և ընդլայնել հավակնությունները:

Այս համատեքստում ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք COP17-ը նոր թափ կհաղորդի կենսաբազմազանության պահպանման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման, ինչպես նաև գենետիկական ռեսուրսներից և թվային հաջորդականության տեղեկատվությունից ստացված օգուտների արդար և հավասար բաշխման համաշխարհային ջանքերին։

COP17-ի հիմքում ընկած է գլոբալ վերանայումը` Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների (KMGBF) իրականացման առաջին համատեղ գնահատումը` COP15-ի շրջանակներում դրա ընդունումից ի վեր: Սա առանցքային պահ կլինի բոլոր կողմերի, բնիկ ժողովուրդների և այլ շահագրգիռ կողմերի համար՝ գնահատելու գրանցված առաջընթացը, բացահայտելու բացթողումները և ճշգրտելու ուղիները  2030 թիրախներին և 2050 նպատակներին հասնելու համար, այդ թվում՝ ծովային կենսաբազմազանության համատեքստում:

Գլոբալ վերանայումը հնարավորություն է վերակենդանացնելու մեր համատեղ հանձնառությունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) նկատմամբ և բացահայտելու հաջողության հասնելու համար անհրաժեշտ իրականացման միջոցները:

Քանի որ Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAPs), ինչպես նաև դրանց իրականացման վերաբերյալ ազգային զեկույցների ներկայացումն առանցքային նախապայման է արդյունավետ և նշանակալի գլոբալ վերանայման համար, կցանկանայի, օգտվելով այս հնարավորությունից, խրախուսել  բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորինս շուտ ներկայացնել իրենց վերանայված Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերը, ինչպես նաև 7-րդ ազգային զեկույցները մինչև 2026թ. փետրվարը:

Ամփոփելով՝ կցանկանայի շեշտել, որ Հայաստանը պատրաստ է ընդունել բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքների ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակությանը, երիտասարդությանը, կանանց և բարերարներին՝ Երևանում կայանալիք COP17-ին մասնակցելու համար, և մենք հավատացած ենք, որ միասին կկարողանանք տոնել մարդկության հավաքական խոհեմությունը՝ ներկա և ապագա սերունդների համար մայր բնության պահպանման հարցում»:

–00—ՍՊ