ԱՄՀ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՊԵԿ ռազմավարությամբ միջոցառումների շուրջ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը hյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։
Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը և ընդգծել հիմնադրամի առանցքային դերը Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում:
Հանդիպման ընթացքում քննարկել են 2024-2025 թվականների առաջին ամիսների հարկային եկամուտների կատարողական ցուցանիշները, հարկային վարչարարության բարեփոխումների ընթացքը, համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքը, հարկային ճեղքի գնահատման արդյունքները, ստուգման գործառույթի կատարելագործման հարցեր, ինչպես նաև մաքսային բարեփոխումների ընթացքը։
Քննարկմանը անդրադարձ են կատարել նաև ԱՄՀ-ի կողմից հարկային և մաքսային ոլորտներում հնարավոր տեխնիկական աջակցության ծրագրերին, ինչպես նաև ՊԵԿ առաջիկա ռազմավարությամբ նախատեսվող միջոցառումներին, որոնց կապակցությամբ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ։
–00—ՍՊ