Իրանի դեմ ռազմական գործողություններն անմիջական ազդեցություն ունեն Հայաստանի անվտանգության վրա․ ՀԱԿ

13/06/2025 17:28 Ներքին կյանք

Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները ստեղծում են պայթյունավտանգ իրավիճակ տարածաշրջանում, ինչն անմիջական ազդեցություն ունի Հայաստանի անվտանգության եւ կայունության վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը։

Աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բարդ մարտահրավերների առջև, որոնք դիմագրավելու համար պահանջվում են համազգային համախմբվածություն և սթափ իրատեսական մոտեցում:

Իրանի հետ մեր երկրի հարևանությունը և պատմականորեն ձևավորված բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական շահերը, պարտադրում են մեզ խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է ներքաշել Հայաստանը տարածաշրջանային հակամարտության մեջ:

«Ելնելով վերը շարադրվածից, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝

– ակտիվացնել դիվանագիտական ջանքերը միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, հավաստիացնել միջազգային հանրությանը, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի ռազմական նպատակներով

– միանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու դիմումին՝ հակամարտության էսկալացիան կանխելու համար:

– ուժեղացնել սահմանային անվտանգությունը և պատրաստվել հնարավոր հումանիտար մարտահրավերներին, ներառյալ Իրանից փախստականների հնարավոր հոսքին:

– անհապաղ դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալած ապօրինի հարձակումները: Նման քայլերը ոչ միայն խաթարում են հասարակության միասնությունը, այլև վտանգի տակ են դնում մեր ազգային արժեքները:

Այս ճգնաժամային պահին նաեւ կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և քաղաքացիներին դադարեցնել ներքին հակամարտությունները, միառժամանակ զերծ մնալ հրապարակային բողոքի ակցիաներից՝ երթերից, ցույցերից ու հանրահավաքներից, և համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ ապահովելու մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը: Ներքին պառակտումը և հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը և խանգարում արդյունավետ արձագանքել արտաքին սպառնալիքներին»: