Թմրաշրջանառությունից հանվել է 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին. մեկ անձ կալանավորվել է

13/06/2025 11:51 Ներքին կյանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ մայրաքաղաքի մի բնակիչ, համաձայնության գալով օտարերկրացու հետ, իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մարիխուանա և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ:

Իրավապահները պարզել են, որ երևանցին Նորագյուղի բնակիչ է, 51 տարեկան:

Ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին` ժամը 20.20-ին, մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում, ձերբակալման պահին, 51-ամյա տղամարդը նետել է մոտի պոլիէթիլենային փաթեթը:

Նա տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ապացուցողական գործողություների արդյունքում տղամարդու նետած փաթեթում հայտնաբերվել է ավելի քան 136 գրամ մարիխուանա և 47 գրամ մեթամֆետամին:

Տղամարդը կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

–00—ՅՄ