Մալթայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

12/06/2025 14:47 Ներքին կյանք

Հունիսի 11-ին Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Հանրապետության նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյին:

Ողջունելով և շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Մալթայի նախագահը մաղթել է հաջողություն և արդյունավետ առաքելություն` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների էլ առավել զարգացման: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Մալթայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորվել ոլորտային փոխգործակցության ներուժի լիարժեք իրացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը վերահաստատել է իր հանձնառությունը առավելագույն ջանքերը ներդնել երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել խորացման ուղղությամբ։

Դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և ընդգծել Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

–00—ՄԱ