ՀՀ–ն` որպես դոնոր, Ասիական զարգացման հիմնադրամին կվճարի 1 մլն դոլար

12/06/2025 11:35 Ներքին կյանք

2025 թվականին Հայաստանը` որպես դոնոր, ներգրավված է Ասիական զարգացման հիմնադրամի 13–րդ և տեխնիկական աջակցության հատուկ հիմնադրամի 8–րդ կանոնավոր համալրման համար։ Այդ նպատակով մեր երկիրն այս տարի ԱԶՀ հիմնադրամին կվճարի 1 մլն դոլարի չափով գումար: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Համալրվելով ֆինանսավորման այլ աղբյուրներով` հիմնադրամն իր գոյության ընթացքում տրամադրել է ավելի քան 85 մլրդ դոլարի արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ 36 զարգացող անդամ երկրներին»,– նշված է որոշման մեջ:

Հիմնադրամի 12–րդ համալրման շրջանակում` 2021–2024 թթ., հիմնադրամից աջակցություն ստացող 5 երկրներ դարձել են դոնոր երկրներ, որոնց թվում էր նաև Ադրբեջանը: ԱԶՀ այս նոր` 13–րդ համալրման 2025-2028 թթ. ներդրողների շարքում որպես դոնոր ներգրավված է նաև Հայաստանը:

«Որպես դոնոր ԱԶՀ ռեսուրսների համալրմանը Հայաստանի շարունակական մասնակցությունը կդիտարկվի որպես Ասիական զարգացման բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու քայլ։ Ըստ ցանկության՝ Հայաստանի Հանրապետությունը ԱԶՀ ռեսուրսների համալրմանը կարող է մասնակցել հասարակ, անտոկոս, ցպահանջ մուրհակ թողարկելու եղանակով»,– ասված է որոշման մեջ: