Աշակերտը դպրոցի բակում դանակահարել է հասակակցին. 14-ամյա տղայի կյանքը փրկել են

12/06/2025 10:59 Ներքին կյանք

Երեկ՝ հունիսի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աջափնյակի դպրոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ աշակերտը դանակահարվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ ձախ զստափոսի շրջանում կտրած-ծակած վերք, ձախ նախաբազկի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ երեխա է տեղափոխվել:

Մինչ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ ժամը 11:30-ի սահմաններում նշված դպրոցի տարածքում՝ հետնամասում, վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված երկու 14-ամյա տղաների միջև, որի ժամանակ 14-ամյա տղան իր մոտ եղած դանակով հարվածներ և մարմնական վնասվածքներ է պատճառել իր հասակակից տղային:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալն ու վիրավորը սովորում են Աջափնյակ վարչական շրջանում գործող տարբեր դպրոցներում:

–00—ՅՄ