«Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին հայտարարություն է տարածել Փաշինյան-Եկեղեցի վեճի մասին

10/06/2025 22:28 Ներքին կյանք

Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին հայտարարություն է տարածել Փաշինյան-Եկեղեցի վեճի մասին․

ՀՀ կառավարության և Մայր Աթոռի միջև լարված իրավիճակի ֆոնին «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մասին տարածվող լուրերը սուտ են։ Բացարձակ կեղծ տեղեկություն է, թե իբր. «Կյանքի Խոսքը Վեհարանը գրոհելու համար տրամադրելու է 1500 աղանդավոր, դրա դիմաց Կյանքի Խոսքի հովիվ Արթուր Սիմոնյանը նշանակվելու է կառավարության կրոնի հարցերով վարչության պետ»։

Այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ վտանգավոր սադրանք, կրոնական ատելության և թշնամության հրահրում։

Հարկ ենք համարում հայտարարել հետևյալը․

1․ Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի կերպով չունի որևէ առնչություն ՀՀ կառավարության և Մայր Աթոռի միջև առաջացած կոնֆլիկտային իրավիճակին։

2․ Մենք միշտ հարգալից ենք արտահայտվել Հայ Առաքելական եկեղեցու և Մայր Աթոռի նկատմամբ։

3․ Մենք կողմնակից ենք պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքին, ինչը ենթադրում է փոխադարձ հարգանք, ինչպես նաև միմյանց գործերին և գործառույթներին չմիջամտելու հանձնառություն։

4․ Մեր աղոթքն է, որ ստեղծված իրավիճակը լուծվի փոխըմբռնման և խաղաղ երկխոսության եղանակով։

Ի վերջո, հորդորում ենք բոլորին ձեռնպահ մնալ սուտ և կեղծ տեղեկություններ տարածելուց։

–00—ՍՊ