Երևանը Թբիլիսիից հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման խնդիրների առնչությամբ

10/06/2025 17:42 Ներքին կյանք

Երևանը վրացական կողմից որևէ հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման շուրջ առաջացած խնդիրների առնչությամբ, «Ազատությանը» գրավոր հայտնել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից:

Վրաստանը թեև տարանցիկ երկիր է, բայց ապրիլի վերջից սկսել է ստուգել իր սահմանով անցնող ու ռուսական շուկայում վաճառվող հայկական ալկոհոլային խմիչքները: Ըստ ալկոհոլ արտադրողների՝ այդ ստուգումներն արդեն ամիսներ են տևում, ինչի հետևանքով հայկական խմիչքները ռուսական շուկայից դուրս են մնում, ընկերություններն էլ՝ ֆինանսական վնասներ կրում:

⁠Արդյոք այդ ստուգումները վրացական մաքսակետում շարունակվելու են ու կրկին ձգձգվելու են մատակարարման ժամկետները, այս հարցին էլ գերատեսչությունից պատասխանել են, թե «ըստ էության ֆորմալ ստուգումներ տեղի չեն էլ ունեցել, հետևաբար դժվար է կանխագուշակելը, թե արդյոք կկրկնվեն դրանք, թե՝ ոչ»:

Պատասխանից պարզ չի դառնում՝ փաստացի ապօրինի՞ են այդ ստուգումները, թե՞ պարզապես իրենց այս ամիսների ընթացքում չի հաջողվել պատասխան ստանալ: Նախարարությունից նաև փոխանցել են՝ ալկոհոլ տեղափոխող շուրջ 30 բեռնատար հատել է ռուսական սահմանը, մի քանի տասնյակ մեքենաներ Լարսի անցակետում են սպասում իրենց հերթին, ևս մի քանի տասնյակ էլ դեռևս նույն տեղում է, աշխատանքներ են իրականացվում դրանց տեղաշարժն ապահովելու ուղղությամբ։

–00—ՅՄ