Սյունիքը համայնք առ համայնք «յուրացնում են»․ «Հրապարակ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

«Հրապարակ» օրաթերը գրում է․
«Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում Նիկոլ Փաշինյանն ու զուգընկերուհին շաբաթ-կիրակի օրերին կրկին Սյունիքում էին` անցած ամիս խոշոր համայնքներից միայն Գորիսում եւ Սիսիանում չէին հասցրել «կրթել» իրենց համախոհներին. եղել էին Կապանում, Քաջարանում, Մեղրիում, Տաթեւ, Տեղ համայնքներում: Ի դեպ, իշխանական զույգին իր համայնք հրավիրելու համար Տաթեւի համայնքապետն անգամ հեռացվեց «Շանթ դաշինք» կուսակցությունից:
Գորիսն ու Սիսիանը դուրս էին մնացել նախորդ այցելությունների ցանկից, ուստի որոշել էին բացթողումը լրացնել հանգստյան օրերին: Ինչպեսեւ գրել էինք, Փաշինյանին Գորիսում գրկաբաց դիմավորում էր երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանը: Ըստ որոշ դիտարկումների, Փաշինյանը հենց նպատակային կարգով էր Գորիս այցելել եւ ցուցադրաբար զբոսնում էր քաղաքում, որպեսզի հանրությանը ցույց տա, որ ամենակարկառուն ընդդիմադիրներից մեկին «կոտրել» է, եւ նա անձամբ է իր ղեկավարած համայնքում ուղեկցում իրեն, եւ ինքն էլ պրոբլեմ չունի` ոտքով շրջելու, մարդկանց հետ հանդիպելու հարցում, որ մարդիկ իրեն նախկինի պես վստահում են: Հոգ չէ՝ նախապես մի քանի տասնյակ թիկնապահներ «սանրում» են նրա ճանապարհը, ապա աջուձախից կանգնում, որ հանկարծ բան ասող չլինի, ու այդքանից հետո էլ միշտ միջադեպեր են լինում։ Գորիսում զբոսաշրջիկների մի խումբ է Փաշինյանի ճանապարհին հայտնվել, որոնք նրա բարեւը չեն ընդունել, եւ խմբից մեկն էլ Փաշինյանին տեսնելով` նետել է. «Մեր եկեղեցիները չուլան չեն, այլ՝ սրբավայր»:
Ի դեպ, հրապարակված տեսանյութերից էլ է երեւում, որ Փաշինյանին ամեն քայլափոխի հետեւում են թիկնապահները: Այդուհանդերձ, ըստ լուրերի, Փաշինյանին զարմացրել են Գորիսում կատարված աշխատանքը, քաղաքի կոկիկ ու մաքուր, բարեկարգ փողոցները, հավանաբար՝ այն կուսակիցները, որոնք մարզպետի եւ Առուշանյանի դեմ բացասաբար են տրամադրված, հակառակի մասին են զեկուցել: Իսկ Սիսիանում «կրթարշավին» իսկական անշլագ է եղել, քանի որ սիսիանցի ՔՊ-ական պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանն իր ողջ գերդաստանին` մեկ մարդու պես, բերել է Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի դասախոսությունները լսելու: Այնքան շատ մարդ է եղել, որ մի մասը չի կարողացել դահլիճ մտնել` տեղ չի եղել:
Այդ իրավիճակը մարդկանց դուր չի եկել, դուր չի եկել անգամ Փաշինյանին: Պատմում են, որ նա պատգամավորին դիտողություն է արել է, թե ամեն ինչ կարելի էր հաշվարկված անել: Սակայն ՔՊ-ում տեւական ժամանակ է՝ շեֆին «օճառվելու» մրցավազք է սկսվել, եւ հաջորդ ընտրություններին ընդառաջ` ով ոնց կարողանում է, քծնում է՝ ակնկալելով հաջորդ ժամկետում «արեւի տակ տեղ ունենալ»: Համբարձումյանը, ասում են, աննկարագրելի պատիվ է տվել Փաշինյանին ու տիկնոջը, ինչպես նաեւ՝ տեղի ՔՊ-ականներին․ Շաքիի ջրվեժի ճանապարհին գտնվող իր օբյեկտում իսկական արտակարգ դրություն է հայտարարված եղել, որ «թագավորական ընդունելությանը» ոչինչ չխանգարի:
Սակայն արարողակարգը թույլ չի տվել, որ պատգամավորները` մարզպետի եւ համայնքապետի հետ դիմավորեն Փաշինյանին: Ո՛չ Սիսիանում Համբարձումյանին են թույլ տվել, ո՛չ Գորիսում՝ Արմեն Խաչատրյանին, քանի որ համոզված են, որ իրենց համայնքներում «ժողովուրդը ՔՊ-ական պատգամավորներին այնքան էլ չի սիրում»: Ի դեպ, իշխանական զույգի` Շաքիի ջրվեժ այցից առաջ ջրվեժի ջրերը նախապես միացրել են:
Հայտնի է, որ վերջին տարիներին ջրվեժը ցամաք է, եւ միայն հազվագյուտ դեպքերում են այն միացնում: Այդ տարածքում ՀԷԿ կա, եւ ՀԷԿ-ի սեփականատերն է միացնում նաեւ ջրվեժը, երբ վճարում են դրա համար: Իշխանական զույգը Սյունիքում գիշերել է Գորիսի Red Roof սրճարան-հյուրանոցում, որից նաեւ տեսանյութ էր վարչապետը տեղադրել իր էջում` գովազդելով այն: