Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել ԱՆ-ի առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»

10/06/2025 08:57 Ներքին կյանք

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում 2025-2026 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» նախագիծը։

Նշվում է, որ Հայաստանում առողջապահության բնագավառում առկա են բժշկական կադրային ներուժի պատրաստման, նրանց օպտիմալ և տարածքային համաչափ բաշխման խնդիրներ: Մարզերի կադրային պահանջարկի համալրման հիմնական մեխանիզմներից մեկն է նաև պետական պատվերի շրջանակում կլինիկական օրդինատուրան ավարտած մասնագետների պարտադիր նշանակման պրակտիկան:

Առողջապահության նախարարությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի, իսկ պաշտպանության նախարարությունը՝ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի ներկա իրավիճակը և ակնկալվող կադրային պահանջարկը, մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային բացը լրացնելու, Երևանի՝ կադրային գերհագեցած համակարգը բեռնաթափելու հարցը և Զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը:

Համաձայն առողջապահության նախարարության տեղեկատվության, նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի շահառուների մեծ մասը (մոտ 96 տոկոսը) ավարտելուց հետո գործուղվել են համապատասխան առողջապահական կազմակերպություններ: Աշխատանքից հրաժարվել է մոտ 4 տոկոսը, նրանք, համաձայն պայմանագրի, պարտավորվել են համապատասխան վճարումներ կատարել պետբյուջե։

Ի դեպ, ըստ մասնագիտությունների առավել պահանջված են ընտանեկան բժիշկները, անեսթեզիոլոգները և ռեանիմատոլոգները, թերապևտները, նյարդաբանները, վիրաբույժները, մանկաբույժերը և այլն:

Ի՞նչ է առաջարկվում։ Պաշտպանության, առողջապահության նախարարություններից և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամից ստացված հայտերի հիման վրա ԿԳՄՍ նախարարությունն ըստ մասնագիտությունների՝ կառավարության հաստատմանն է ներկայացնում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցման կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը:

Նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը իրականացվում է մրցութային կարգով, ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ: Ուսումն ավարտելուց և ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո շահառուները պարտավորվում են աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ՝ վերջիններիս առաջարկած պայմաններով, առնվազն 3 տարի ժամկետով»:

–00—ՍՊ