Արմաշում վթարի հետևանքով բուժօգնության դիմած քաղաքացիները դուրս են գրվել, պարեկն ունի թեթև վնասվածք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Երեկ Արմաշ գյուղի տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով բուժօգնության դիմած քաղաքացիները դուրս են գրվել բժշկական կենտրոնից, իսկ կին պարեկն ունի թեթև վնասվածք։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում փոխանցեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նախնական տվյալներով՝ պարեկն այսօր դուրս կգրվի բժշկական կենտրոնից»,- ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ էր ստացվել։ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա՝ վարչարարություն իրականացնելու նպատակով. «Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող Հյունդայի մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում՝ պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են», – ասված էր հաղորդագրությունում։
Իսկ ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ նշված վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը և որ անվտանգության աշխատակիցներից ևս վնասվածքներ են ստացել։ ՆԳՆ, սակայն հերքեց տեղեկատվությունը։
–00—ՅՄ