Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել․ տեղեկությունը հերքում են

08/06/2025 20:20 Ներքին կյանք

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը 24News-ի հետ զրույցում հերքել է այն տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, որի հետևանքով մարդ է վիրավորվել:

Նա նաև հավելել է, որ Արմաշ գյուղում պարեկների մասնակցությամբ ավտովթար է եղել, ինչի հետևանքով կան տուժած ոստիկաններ, մի կին հիվանդանոց է տեղափոխվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ»-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս Արմաշ գյուղում ավտովթարի է ենթարկվել, վնասվածքներ են ստացել նաեւ թիկնապահներից ոմանք։

Վարչապետի մամուլի քարտուղար Նազենի Բաղդասարյանը նույնպես  հերքել է այս տեղեկությունը, համապատասխան գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում․

«Hraparak.am-ի տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։

Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»։

–00–ԱՀ