Բազմաթիվ գործեր կամ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կամ ընդհանրապես մերժվելու են. «Փաստ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

«Փաստ» օրաթերթը գրում է. ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների 26 պատգամավոր, այն է՝ խորհրդարանի մեկ հինգերորդը, 2022 թ. հունվարին դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Այս տարի ապրիլի 16-ին դատարանը հրապարակեց իր որոշումը։ Այն քննարկումների կիզակետում հայտնվեց։ Մի կողմից՝ նշվեց, որ դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել օրենքի համապատասխան դրույթները, բայց մյուս կողմից, երբ իրավաբանները «բացում» են որոշման բոլոր նրբությունները, չասենք այլ, բայց բավականին հետաքրքիր պատկեր ենք ունենում։ Փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ զրույցում անդրադառնում ենք ՍԴ-ի արձանագրած կարևոր դիտարկումներին։ Նախ՝ նա ընդգծում է՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը որևէ մի իրավիճակում չի վիճարկվել, այսինքն՝ ողջամիտ է, որ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա լինի բռնագանձման։ «Այլ հարց է, որ նշվածը պետք է ունենա իրավական, օրինական բոլոր երաշխիքները։ Դրա մասին մեզ տարիներ առաջ հուշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Ի դեպ, այս ինստիտուտը հետխորհրդային երկրներից առաջիններից մեկը ներդրել է Վրաստանը, այնուհետև՝ Բուլղարիան և այլն։ Բոլորի վերաբերյալ ՄԻԵԴ-ը տվել է հստակ երաշխիքներ՝ թե՛ ընթացակարգային, թե՛ բովանդակային իմաստով, թե ինչպես պետք է տեղի ունենա այդ ապօրինի գույքի բռնագանձումը, ինչ դեպքերում այն չի կարող տեղի ունենալ և, առհասարակ, որո՞նք են նման վարույթ հարուցելու օրինական հիմքերը, ապացուցման բազան և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վարդևանյանը։
Հիշեցնում է՝ Հայաստանում 2020 թվականին ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն այդ՝ մի շարք հարցերի վերաբերյալ պատասխան չէր տալիս՝ կա՛մ ընդհանրապես չէր տալիս, կա՛մ այնպիսի պատասխաններ էր տալիս, որոնք հակասության մեջ էին մտնում եվրոպական ստանդարտների հետ։ «Ի վերջո, առաջին հերթին ո՞վ է շահագրգռված, որ նշված, այսպես ասած, օրենսդրական միջազգային չափանիշները պահպանված լինեն։ Դրա առաջնային պատասխանատուն պետք է լինի պետությունը։ Մի հետաքրքիր հանգամանք բացահայտեմ՝ ՍԴ որոշումից հետո, եթե այսպես քաղաքական բնույթի հայտարարությունները չդիտարկենք, մասնագիտական հանրույթի, անկախ քաղաքական կողմնորոշումից, դիրքորոշումն այն էր, թե ինչքան կարևոր էր այդ որոշումը։ Նույնիսկ նկատել էի, որ Սահմանադրական դատարանի արդեն նախկին դատավոր Վահե Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում նշեց, թե որքան կարևոր՝ կանխարգելիչ նշանակություն ունի ՍԴ որոշումը հնարավոր իրավունքների խախտումների տեսանկյունից։ Այսինքն՝ արդեն փաստ է, որ օրենքը այնպես, ինչպես ընդունվել էր, և այնպես, ինչպես կիրառվում էր, հանգեցնում էր իրավունքների խախտումների, որոնք, արձանագրենք, Սահմանադրական դատարանի որոշմամբ որոշակի իմաստով կանխարգելվելու են»,-նշում է մեր զրուցակիցը։
Այնուհետև անդրադառնում է Սահմանադրական դատարանի որոշման մի քանի կարևոր շեշտադրումների, որոնք ամբողջ պրակտիկայի տեսանկյունից էական մեծ փոփոխությունների են հանգեցրել և հանգեցնելու են։ «Առաջինը՝ պաշտոնատար անձի դեպքում կատարվում են ուսումնասիրություններ և դրա շրջանակներում ներկայացվում է գույքի բռնագանձման պահանջ, որոշման համաձայն՝ մինչև պաշտոն ստանձնելու գույքային ծավալը, այսինքն՝ այն գույքը, որն ունեցել է մինչև պաշտոն ստանձնելը, ամբողջությամբ օրինական է։
Նույնիսկ եթե դատախազությունը խնդիրներ է տեսնում, չի կարող դրա վերաբերյալ պահանջ ներկայացնել։ Սա օրենքում գրված չէր, չնայած միջազգային փորձը դա հուշում էր։ Ի դեպ, օրենքը չէր ուղարկվել Վենետիկի հանձնաժողով՝ մասնագիտական կարծիք ստանալու համար, թե ինչո՞ւ, դա այլ հարց է։ Երկրորդ շատ կարևոր հանգամանքը՝ եթե ուսումնասիրությունը սկիզբ է առել ենթադրյալ հանցանքի հիման վրա, պարզաբանեմ՝ ոչ թե զուտ պաշտոնատար անձ լինելու կարգավիճակի տեսանկյունից, այլ ենթադրյալ հանցանքից է բխեցվել և դրա վրա է կառուցվել դատախազության ուսումնասիրությունը, այդ դեպքում գործ ենք ունենում հետևյալ իրավիճակի հետ. դատախազությունը պարտավոր է հիմնավորել գույքի բռնագանձման իր պահանջի և այդ ենթադրյալ հանցանքի միջև կապը։ Շրջանակ է դրվում՝ մեղսագրվող արարք, դրա ծավալ, դրա շրջանակներում ապօրինի ենթադրյալ գույքի բռնագանձման պահանջ։ Ոչ թե մեխանիկորեն ամբողջ հնարավոր և անհնարին գույքեր, այլ ենթադրյալ հանցանք և դրա հետ կապ։ Մասնագիտական հանրույթն առաջին իսկ օրվանից արձանագրում էր նշվածը՝ ելնելով ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքից։ Բայց չեք գտնի մեկ ուսումնասիրություն կամ մեկ հայց, որտեղ այս պահանջը պահպանված լինի։ Ի դեպ, նաև տեղյակ եմ, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ դատարանները, դատախազները հստակ արձանագրել են, որ իրենք նշվածը չեն դիտարկում, որովհետև օրենքում գրված չէ, Եվրոպական դատարանի որոշումներն էլ անտեսում են։ Հիմա ՍԴ-ն այս շատ պարզ ճշմարտությունը ևս արձանագրեց, որի պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են, որովհետև եթե հայցում տեղ չի գտել այս կապի վերաբերյալ Սահմանադրական դատարանի պահանջը, այդտեղ ևս գործ ենք ունենալու մերժված հայցերի հետ։ Երրորդ շատ կարևոր բաղադրիչը, որը մասնագիտական առումով չափազանց կարևորում եմ, վաղեմության ժամկետի ինստիտուտն է, որը Սահմանադրական դատարանն ուղիղ արձանագրել է, որ թե՛ մինչև օրենքի ընդունումը և թե՛ օրենքին հաջորդող ժամանակահատվածի համար պետք է լինի վաղեմության ժամկետ։ Սա ևս շատ տրամաբանական է, և կրկին ոչ թե մեր Սահմանադրական դատարանի նորարարական դիրքորոշումն է, մոտեցումը, այլ բխում է միջազգային փորձից։ Եթե այս օրենքն ուղարկված լիներ Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու համար, այն ուղիղ արձանագրելու էր, որ վաղեմության ժամկետի վերաբերյալ օրենքում պետք է դրույթներ նախատեսվեն, և առանց դրա օրենքը խնդրահարույց է։ Բայց, ավաղ, դա չէր կատարվել։ Երբ Սահմանադրական դատարանն օրենքի սահմանադրականությունը քննության առնելու շրջանակներում այն ուղարկել էր Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար, Վենետիկի հանձնաժողովն ուղիղ դա գրել էր և, ի դեպ, առաջարկել էր ժամկետի մոտեցում էլ, այն է՝ տասը տարի։ Հետաքրքիր հանգամանք նշեմ՝ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակմանն արդեն հաջորդել է մոտ երկու ամիս, բայց չեմ տեսել որևէ մի հանրային քննարկում նշված հարցի վերաբերյալ։ Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնյաների համար։ Սահմանադրական դատարանի որոշման այդ դրույթն ուղիղ հասցեագրված է օրենսդրական նախաձեռնություն ունեցող սուբյեկտներին, այն է՝ Ազգային ժողով, կառավարություն»,-հավելում է իրավաբանը։
Սահմանադրական դատարանն օրենքի մասով տվել է հստակ պատասխաններ։ Իսկ կարո՞ղ են դատարանները և իրավապահ մարմինները տարբերակներ գտնել ՍԴ որոշման կատարումը շրջանցելու համար։ «Սահմանադրական դատարանն իր որոշմամբ նաև արձանագրել է, որ ոչ բոլոր հարցերին է անդրադառնում, այսինքն՝ նույնիսկ դուռը բաց է թողել հնարավոր այլ խնդրահարույց դրույթների համար, հակառակ դեպքում կնշեր, որ ընդհանրապես մնացյալ հարցերի վերաբերյալ ամեն ինչ սահմանադրական է։ Բայց հակառակ տրամաբանությունն է իրացրել։ Քանի որ դիմող սուբյեկտը հանդիսանում էր ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդը, այն հանդիսանում է վերացական սահմանադրական վերահսկողության ընթացակարգ, այսինքն՝ ոչ թե կոնկրետ իրավիճակներն են գնահատման առարկա դառնում, այլ ընդհանուր, այսպես ասած, աբստրահավաք սահմանադրաիրավական արդարադատության վերահսկողությունը։ Հիմա, երբ նայում ենք այս տրամաբանության ներքո, դեռ նոր խնդիրներ են ի հայտ գալու, և Սահմանադրական դատարանն արձանագրելու է դրանք, երբ արդեն կոնկրետ անձինք էլ կարող են դիմել Սահմանադրական դատարան կոնկրետ դեպքերի վերաբերյալ։ Վստահ եմ՝ դատաիրավական համակարգը դրանից տեղեկացված է։ Անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ է Սահմանադրական դատարանի որոշումը չկատարվել, չպահպանվել, ներկայացրածս դրույթները խաթարվեն. չեմ կարող տեսականորեն դա բացառել, բայց դատավորները պարտավոր են լինել պրոֆեսիոնալ, արհեստավարժության սկզբունքը դատավորի վարքագծի և առաքինության պարտադիր վավերապայմաններից մեկն է։ Եթե դատարանները կարող են ՍԴ-ի որոշումը խախտել, դա նույնն է, ինչ խախտեն Սահմանադրությունը։ ՍԴ որոշումն իր իրավական ուժի տեսանկյունից փաստացի հաջորդում է Սահմանադրությանը, ինչ-որ իմաստով նույնիսկ զուգահեռ է Սահմանադրության հետ, որովհետև ՍԴ որոշումները մեկնաբանում են սահմանադրական նորմերը, սահմանադրի կամքը։ Շատ կարևոր է, որ ունենք եռաստիճան դատական համակարգ։ Լավ, համարենք՝ առաջին ատյանում մի դատավոր որոշում է, որ, քավ լիցի, եկեք խախտենք Սահմանադրությունը։ Վերաքննիչ ատյանո՞ւմ էլ երեք դատավոր պետք է այդպես մտածի։ Չբացառենք։ Վճռաբեկ դատարանո՞ւմ էլ։ Չբացառենք, բայց այդ ամենից հետո հարցը նորից կարող է հայտնվել Սահմանադրական դատարանում, որովհետև եռաստիճան դատական համակարգը սպառելուց հետո ցանկացած ֆիզիկական անձ կարող է ներկայացնել իր դիմումը Սահմանադրական դատարան, որի որոշումները պարտադիր են կատարման համար, նույնիսկ, որպես նոր հանգամանք, ենթակա են վերանայման։ Սա ռեսուրսի տեսանկյունից այնքան անարդյունավետ մոտեցում կլինի։ Հիմա առնվազն ֆիքսենք, որ Սահմանադրական դատարանի որոշումը վաղեմության ժամկետի մասով դեռևս չի կատարվել»,-եզրափակում է Արամ Վարդևանյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
–00–ԱՀ