Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ

06/06/2025 18:01 Ներքին կյանք

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք ապօրինի կրում են զենք-զինամթերք։

Հունիսի 5-ին` երեկոյան ժամը 9-ին, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի բակում ձերբակալվեցին հանրապետության տարբեր մարզերի բնակիչ վեց տղամարդիկ:

Ձերբակալման վայրում թողած ավտոմեքենաների մոտ իրականացվեց պահպանություն, իսկ ձերբակալվածները տեղափոխվեցին Երևան քաղաքի վարչություն:

Այստեղ կատարված խուզարկությամբ 27-ամյա վանաձորցու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի երկու ատրճանակ` լիքավորված հնգական փամփուշտներով և ծալովի դանակ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

–00—ՅՄ