Բանտապետը ցմահ դատապարտյալների հետ քննարկում է ունեցել

05/06/2025 23:26 Ներքին կյանք

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Վահե Նանուշյանի, Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ։

Այցի հիմնական նպատակն էր հանդիպել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ, լսել նրանց՝ պատժի կրման հետ կապված իրավական և անձնական բնույթի խնդիրները։

Ցմահ դատապարտյալները հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձել են անվտանգային գոտիների փոփոխմանը, խրախուսանքների և տույժերի կիրառմանը, բժշկական ծառայությունների մատուցմանը, ինչպես նաև սննդի որակին, դատապարտյալներին հատկացվող նոր, սեզոնային հանդերձանքին և հիգիենայի պարագաների փաթեթին վերաբերող հարցերին։
Դատապարտյալների հետ տեղում քննարկվել են բարձրացված հարցերի լուծման ընթացակարգերը, տրվել են պարզաբանումներ, ինչպես նաև ներկայացվել են ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերող բարեփոխումների ծրագրերը։

–00—ՍՊ