Այսօր գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանի ծննդյան օրն է

05/06/2025 19:31 Ներքին կյանք

Այսօր երջանկահիշատակ գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանի ծննդյան օրն է: Մարդ, ում հետխորհրդային կենսագրությունը բավականին համահունչ է Հայաստանի երրորդ հանրապետության զինված ուժերի ստեղծման, կայացման և անցած մարտական ուղու պատմությանը: Նա Խորհրդային բանակի առաջին հայ գեներալներից էր, ով, առանց երկար-բարակ մտածելու, ընտրեց Հայրենիք վերադառնալու և իր ուժերի ներածին չափով երկրի պաշտպանական համակարգի ձևավորմանը լծվելու հիրավի դժվարին, բայց, միաժամանակ, փառավոր ճանապարհը: Նա գնաց այդ քայլին, քանզի, ինչպես ինքն էր ասում, հոգու խորքում ուներ սեփական ազգի համար ինչ-որ բան անելու ներքին մղում։

Հայկական զինված ուժերի շինարարության և դրան զուգահեռ մարտական գործողությունների վարման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը քանիցս արժանացել է պետական ու գերատեսչական բարձր պարգևների: Մասնավորապես, 1998թ. սեպտեմբերի 19-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 7-րդ տարեդարձի առթիվ նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Դրանից մոտ երկու տարի անց՝ 2000թ. մայիսի 8-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով «Հաղթանակի, Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի օրվա կապակցությամբ՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար» գեներալն արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Դալիբալթայանի կատարածն ըստ արժանվույնի է գնահատվել նաև Հայ Առաքելական եկեղեցու կողմից: 2002 թվականին նա պարգևատրվել է «Ներսես Շնորհալի» շքանշանով:

Բացի շքանշաններից ու մեդալներից, որպես բարձր արժեվորման ապացույց, 2001 թվականի հուլիսի 20-ին Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Նույն թվականին նրա անվամբ է կոչվել Ախալքալաքի շրջանի Ագանայի միջնակարգ դպրոցը:

–00—ՍՊ