Որոշումներ են ընդունվել. ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ծառայությունների նիստին

04/06/2025 20:44 Ներքին կյանք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 50-րդ և Անկախ պետությունների համագործակցության մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 80-րդ նիստերին։

Նիստերին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։

Միավորված կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 24 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, տեղորոշման կապարակնիքների կիրառման առանձնահատկություններին, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամանակ էլեկտրոնային ուղևորային հայտարարագրերի լրացմանը, ընդհանուր գործընթացների շրջանակում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների տեղեկատվական փոխգործակցությանը, առանձին տեսակի ապրանքների մաքսային հայտարարագրման վերլուծությանը, ինչպես նաև ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան որոշ ապրանքների դասակարգմանն ու կեղծ տարանցման կանխարգելմանն առնչվող մի շարք հարցերին։

ԱՊՀ  մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 9 որոշում, այդ թվում՝ էլեկտրոմոբիլների լիցքավորիչների նկատմամբ համապատասխան մաքսային գործառնությունների իրականացմանը, սահմանային անցման կետերում սպասման գոտիների գործունեության իրավակիրառ պրակտիկային, էլեկտրոնային շարժիչով և ներքին այրման շարժիչով հագեցած թեթև մարդատար ավտոմեքենաների նույնականացման փորձի փոխանակմանը, ինչպես նաև  դասակարգման հարցերով աշխատանքային խմբի ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր։

Նիստերի ընթացքում տեղի է ունեցել նաև հոբելյանական հուշամեդալներով պարգևատրում։

Որոշում է կայացվել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 51-րդ նիստը և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ՝ 81-րդ նիստն անցկացնել Տաջիկստանի Հանրապետությունում՝ 2025 թվականի սեպտեմբերին։

–00—ՍՊ