Գորիսում ադրբեջանական դիրքի ուղղությամբ ատրճանակ պահած երիտասարդի դեմ քրգործ են հարուցել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Գորիսում ադրբեջանցի զինվորների ուղղությամբ օդաճնշիչ ատրճանակ պահած հայ երիտասարդի նկատմամբ քրեական վարույթ են նախաձեռնել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ Aravot.am-ը գրել էր, որ շաբաթներ առաջ Գորիսի համայնքային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանին, «Նիսան» ավտոմեքենայի վարորդն ատրճանակ է պահել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ: Էջմիածնում բնակվող 32-ամյա տղամարդը հայտարարել է, որ սահմանին, բարկությունից դրդված, իր օդաճնշիչ ատրճանակը հանել է ու վախեցնելու նպատակով պահել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ։
«Հիշատակված դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,–հայտնեցին ՔԿ–ից:
Նաև տեղեկացրին, որ քրեական վարույթի շրջանակներում չկա ձերբակալված անձ:
–00—ՅՄ