Համախմբվել համազգային պատարագի՝ ի չիք դարձնելով Փաշինյանի հակապետական, հակասահմանադրական ծրագրերը

04/06/2025 15:35 Ներքին կյանք

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի սանձազերծած սրբապիղծ արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ որպես հայոց ինքնիշխան, անկախ, և ժողովրդավարական պետության դեմ ծավալվող դավադիր հակասահմանադրական պայքարի հերթական մշակված գործողություն։

Նիկոլ Փաշինյանի վարչապետության ողջ ընթացքը՝ հատկապես Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի ու բռնազավթման ծրագրի աստիճանական իրագործումից հետո, որն ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ահաբեկչական գործողությամբ, դրա հետևանքը ազգերի ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված սկզբունքի հիման վրա ինքնորոշված  Արցախի Հանրապետության լիակատար հայաթափումն էր և ցեղասպանական գործողությունները, ապացուցում է՝ իրեն վարչապետ ու գլխավոր հրամանատար հռչակած անձը հետևողականորեն իրականացնում է հակաարցախյան և, ընդհանրապես, հակահայկական քաղաքականություն՝ կասկածի ենթարկելով, շատ անգամ պարզապես պղծելով հայկական ինքնության հիմնարար արժեքներն ու սրբությունները՝ Հայոց պատմությունը, Հայ դատը, Հայոց ցեղասպանությունը, Պատմական Հայաստանի տարածքը, ի մասնավորի՝ Արևմտյան Հայաստանը, սրբազան Արարատ լեռը, հայկական ընտանիքի ըմբռնումները և Հայոց Առաքելական եկեղեցին։

Փորձելով ամեն գնով կասեցնել Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, Արցախը հռչակելով «Ադրբեջան», թույլ չտալով Արցախի օրինական ընտրված իշխանության գործունեությունը մայր հայրենիքում, արցախցիների հանդեպ թշնամանք սերմանելով՝ ՔՊ կուսակցության առաջնորդը   դարձել է ադրբեջանա-թուրքական հանցագործ քաղաքական ծրագրերի հետևողական կամակատարը։

Հասկանալով Հայ Առաքելական Եկեղեցու վճռորոշ միջազգային և ներպետական դերակատարումը հանուն Հայոց Արցախի պահպանման, արցախցիների հայրենի բնօրրան հավաքական վերադարձի,

Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով պահվող Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների ու ռազմագերիների ազատության՝ ՔՊ առաջնորդը փորձում է անհարիր բառապաշարով վարկաբեկել հայ եկեղեցականներին և շեղել հայ հանրության ուշադրությունը իրական օրակարգից՝ միջազգային երաշխիքներով դեպի Արցախ հայերի վերադարձից, ինքնորոշման իրավունքից, մեր գերիների անհապաղ վերադարձից և Հայաստանի սահմանների ու քաղաքացիների պաշտպանությունից։

Մարդկության դեմ հանցագործություններ կատարած Իլհամ Ալիևը զավթված Արցախում և Հայաստանի սահմանների մոտ հերթական զորավարժություններ է կատարում, գնում նորագույն հզոր զինատեսակներ, Սյունիքով միջանցք պահանջում, իսկ Նիկոլ Փաշինյանը կուսակրոնության ենթադրյալ խախտումների «հետաքննություններ» է ծավալում, հավատաքննիչ-ինկվիզիտոր է դարձել, իր պետական գործառույթները լքած՝ ՀԱԵ տիրույթ է մուտք գործում,  թուրք-ադրբեջանական ծրագրերին հլու-հնազանդ կաթողիկոս փորձում նշանակել։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը կոչ է անում հայ հասարակությանը Հայաստանում և Սփյուռքում չտրվել այս վտանգավոր մեքենայություններին և կեղծ օրակարգին՝ համախմբվել Հայ Առաքելական եկեղեցու և ազգային պետական արժեքների շուրջ։

Առաջարկում ենք գալիք կիրակի օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբազան տաճարում, ինչպես նաև Հայաստանում և Սփյուռքում գործող բոլոր եկեղեցիներում, համախմբվել համազգային պատարագի՝ ի չիք դարձնելով Նիկոլ Փաշինյանի հակապետական, հակասահմանադրական ծրագրերը։

Պատմությունը ցույց է տվել՝ նզովյալ են նրանք, ովքեր ելել են մեր եկեղեցու, մեր ինքնության, մեր պետականության դեմ։

–00—ՅՄ