Նիկոլական Հայաստանում աշխատավորի իրավունքը Մոզամբիկի մակարդակին հասավ․ Արմեն Ավետիսյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Նիկոլական Հայաստանում աշխատավորի իրավունքը Մոզամբիկի մակարդակին հասավ, գրում է ԵՊՀ դասախոս, հասարակական գործիչ Արմեն Ավետիսյանը։
«Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի (ITUC) կողմից հրապարակված «Global Rights Index 2025» ամենամյա հեղինակավոր զեկույցը ևս մեկ անգամ հաստատեց այն, ինչը վաղուց է ակնհայտ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ժամանակաընթացքում Հայաստանը շարունակում է հետընթաց ապրել աշխատողների իրավունքների պաշտպանության և արհմիությունների ազատության հարցում։
Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը հայտնվում է «Global Rights Index 2025» ամենամյա հեղինակավոր զեկույցի 3-րդ վարկանիշային սյունակում՝ Բոլիվիայի, Կոնգոյի, Կոտ դ’Իվուարի, Ճամայկայի, Մոզամբիկի, Նամիբիայի, Նեպալի, Ռուանդայի, Տոնգայի և նմանատիպ այլ «ժողովրդավար ու զարգացած» պետությունների կողքին։
Այս սյունակում ընդգրկված պետություններում, ինչպես նշում է հեղինակավոր զեկույցը, աշխատողների և արհմիությունների իրավունքները կանոնավոր կերպով խախտվում են։ Սա է ժողովրդավարության բաստիոն համարվող նիկոլական Հայաստանի իշխանության իրական պատկերը։
Նիկոլ Փաշինյանը, ով հրապարակներում կոկորդ էր պատռում ժողովրդավարության անունից , այսօր Հայաստանը դարձրել է մի երկիր, որտեղ աշխատավորն իր հիմնարար իրավունքներից զրկված է, իսկ աշխատողի իրավունք պաշտպանող ցանկացած ազատ արհմիություն ենթարկվում է անասելի ճնշումների։
Իսկ ինչպե՞ս է վարվում այս իրականության հետ օրվա իշխանությունը։ Պարզ ձևով՝ նա բոլոր հարկ վճարողներին հռչակում է «հերոսներ», այնուհետև՝ հերոսաբար խախտում նրանց իրավունքներն ու չեզոքացնում նրանց ձայնը։ Հովանավորում է տնտեսության օլիգարխացման գործընթացը, պետական կառույցները վերածում է հնազանդ կատարողների, իսկ աշխատող մարդուն՝ ձայնազուրկ զանգվածի, որի միակ գործառույթը հարկ վճարելն է։
Արդյունքում՝ ունենք պետություն, որտեղ աշխատողը ոչ թե զարգացող տնտեսության շարժիչ ուժն է, այլ՝ իշխանության կողմից շահագործվող էակ։ Այսօր նիկոլական իշխանությունը ոչ միայն չի կարող հավակնել սոցիալական արդարության գաղափարի իրականացմանը, այլ դարձել է այդ գաղափարի գլխավոր սպառնալիքը։
Հ․Գ․ Ամբողջական զելույցին կարող եք ծանոթանալ այստեղ»։
–00—ՅՄ