Սամվել Շահրամանյանը այս պահին Քննչական կոմիտեում հարցաքննվում է
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Այս մասին 24News-ի հարցին ի պատասխան ասաց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք , Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
Վերջինս այս գործի շրջանակներում ունի վկայի դատավարական կարգավիճակ։
Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:
Տեղեկացնենք նաև, որ գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Armlur.am-ը գրել է, որ ըստ իր աղբյուրների Շահրամանյանը 5-6 անգամ հարցաքննության է հրավիրվել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն և չի բացառվում, որ կալանավորեն նրան։
Մերի Մանուկյան
–00—ՅՄ