Առաջարկում եք՝ նույն բառապաշա՞րն օգտագործենք․ Արշակ սրբազանը՝ Մայր աթոռի պատասխանի մասին

03/06/2025 16:01 Ներքին կյանք

Մայր աթոռն իր տեսակետն արդեն հայտնել է ստեղծված իրավիճակի մասին և չի կարող եկեղեցու դեմ նախաձեռնված արշավին նույն բառապաշարով ու նույն ոճով պատասխանել։ Այս մասին, ինչպես գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ մեկնաբանելով նախօրեին Գերագույն հոգևոր խորհրդի ընդունած հայտարարությունը։

Գերագույն հոգևոր խորհուրդը հրավիրված ժողովում հայտարարություն ընդունեց՝ կոչ անելով իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։ Նշվում էր, որ Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը։ Գերագույն հոգևոր խորհուրդը նաև հիշեցրել էր՝ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական ու քաղաքական գործիչների իրավասությունից։

Լրագրողն Արշակ սրբազանին հարց ուղղեց, թե վերջին օրերի իրադարձություններն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսույթը հաշվի առնելով՝ արդյոք չափազանց մեղմ ու անատա՞մ չէր եկեղեցու արձագանքը։ Սրբազանը չհամաձայնեց լրագրողի հետ, ըստ նրա՝ այնպիսի հայտարարություն է արվել, որը եկեղեցին հարմար է գտել։

«Դուք առաջարկում եք, որ մենք օգտագործենք այնպիսի բառապաշար ու բառամթերք, որն օգտագործվել է արշավը նախաձեռնողների կողմից։ Քայլեր, եթե լինեն, լրացուցիչ կասենք»,- ասաց Արշակ սրբազանը։

Ինչ վերաբերում է «քեռակնոջ պատմությանը», սրբազանը նշեց՝ այդ մասին պետք է Փաշինյանից հարցնել։

«Մեզ համար դա ավելին չէ, քան զրպարտություն և անընդունելի ոճով գրառում»,- ասաց հոգևորականը՝ հավելելով, որ տեղյակ չէ նրա «նախասիրությունների մասին»։

Նշենք, որ երեկ և այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն էր արել՝ գրելով, թե եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։

Ավելի վաղ՝ մայիսի 29-ին, ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։
Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և այլք։ Արշակ սրբազանն այդ հայտարարությունը որակեց որպես «նորաձև հռչակված» կրթության պակասի արդյունք։ Հաջորդ օրը Փաշինյանը տգեղ բառապաշարով գրառումներ արեց Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին։ Եկեղեցուն վերաբերող վիրավորական գրառումներ արեց նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։

–00–ԱՀ