Սիլվա Համբարձումյանից իբրև կաշառք ստանալու մեղադրանքով Սերժ Սարգսյանի գործը կքննի Արամ Գրիգորյանը

03/06/2025 15:08 Ներքին կյանք

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։ «Դատալեքս» համակարգում դեռևս առկա չէ տեղեկություն՝ գործը վարույթ ընդունելու վերաբերյալ։ Այս մասին գրում է «Փաստինֆո»– ն:

Քրեական գործը վերաբերում է Սիլվա Համբարձումյանից ենթադրյալ կաշառք ստանալուն։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը  2007 թ․ հունիսի 7-ից մինչև 2008 թ․ ապրիլի 8-ն, զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձանց հետ հանցակցությամբ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի oգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին Սամվել Մայրապետյանի ու իր դստեր՝ Անուշ Սարգսյան-Մինասյանի ամուսնու օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով` 924.950.000 ՀՀ դրամին համարժեք 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նշենք, որ Սիլվա Համբարձումյանից իբրև կաշառք ստանալու համար քրեական հետապնդում է իրականացվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ, որը դատարան էր ուղարկվել դեռևս տարիներ առաջ։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրա վերաբերյալ մեկ քրեական գործով  արդարացման դատական ակտ էր կայացվել, որը բողոքարկման փուլում է, ևս մեկ քրեական գործ՝ Իսակովի պողոտայի  հողատարածքի օտարման վերաբերյալ՝ դատարան է ուղարկվել բոլորովին վերջերս։ Այդ գործը ևս գտնվում է դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում։

–00–ԱՀ