Սա քաղաքական պայքար չէ, սա հոգևոր դիվերսիա է. Մետաքսե Հակոբյան

03/06/2025 10:09 Ներքին կյանք

Երբ սրբության հանդեպ սանձարձակվող իշխանությունը փորձում է բարոյականության մասին խոսել, դա ոչ թե կեղծիքի գագաթնակետն է, այլ ազգային ինքնության դեմ բացահայտ ոտնձգություն։ Երբ հայասպան քաղաքականությունը քողարկվում է «հեղափոխական» բարոյականությամբ, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դրվում է հարվածի տակ, սա պարզապես իշխանության այլասերվածության ցուցիչն է։ Այս մասին իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա շարունակել է. «Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական շրջապատը, ներառյալ Աննա Հակոբյանը, տարիներ շարունակ հետևողականորեն կազմաքանդում են ոչ միայն պետականությունը, այլև հոգևոր հենքը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Դա անում են ոչ թե բարեփոխելու, այլ արժեզրկելու, ոչ թե արդարության, այլ վրեժխնդրության մղումով։ Նրանք թիրախավորել են այն հաստատությունը, որն անգամ պետականության բացակայության պայմաններում պահել է ազգի միասնությունն ու ոգեղեն ուժը։ Սա քաղաքական պայքար չէ՝ սա հոգևոր դիվերսիա է։

Երբ մի ամբողջ իշխանություն, որը ապացուցել է իր անկարողությունն ու ատելությունը Արցախին, բանակին, ազգային անվտանգությանը, հանկարծ սկսում է «բարոյականության» ու «բարեփոխումների» լեզվով խոսել եկեղեցու մասին, դա ոչ թե լեգիտիմ դիրքորոշում է, այլ կեղծիքով պատված անհայրենիք քաղաքականության շարունակություն։

Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքականություն չէ, որ քննարկվի ըստ օրապահանջ շահերի։ Դա ազգային կռիվների միջով անցած, արյամբ կնքված ինստիտուտ է, որը չի կարող ստորադասվել ոչ մեկին՝ առավել ևս նրանց, ովքեր սեփական վարքով մերժել են ազգային և բարոյական բոլոր նորմերը։

–00–ԱՀ