ԵՊՀ-ն 37 թիվ է տեսել ու հաղթահարել, էս նիկոլական արհավիրքն էլ կհաղթահարի․ Արմեն Ավետիսյան

02/06/2025 17:18 Ներքին կյանք

ԵՊՀ դասախոս, հասարակական գործիչ Արմեն Ավետիսյանը գրում է․ «ԵՊՀ-ն՝ նիկոլական ֆարսի բեմահարթակ

Այսօր համալսարանից ակադեմիական անբավարար առաջադիմության համար դուրս մնացած անձը եկել էր ԵՊՀ։ Կարծում եմ այս պարագայում ԵՊՀ այցելության պատճառը երկրորդական կամ հինգերորդականի հարց է, չեմ էլ ուզում քննարկել այցի պաշտոնական ձևակերպումը դա ընդամենը պատրվակ է այցի բուն նպատակը քողարկելու համար։ Նիկոլը մի նպատակով է եկել ԵՊՀ, ապացուցելու և փաստելու, որ այն ինչ արել եմ այս յոթ տարիների ընթացքում և այն ինչ ասել եմ համալսարանի մասին ճիշտ եմ արել և համալսարանականները համաձայն են իմ ասածների հետ։

Այստեղ ամենամտահոգիչը համալսարանականների՝ դասախոսների, տարբեր մեծ ու փոքր կոչումներ և աստիճաններ ունեցող գիտնականների դիրքորոշումն է կամ ավելի ճիշտ դիրքորոշման իսպառ բացակայությունը։ Նրանք իրենց լռությամբ լեգիտիմացումն են վերջին տարիներին Նիկոլի ու նիկոլակնների կողմից Մայր բուհը թիրախավորելու և անվանարկելու նպատակաուղղված քայլերը։ Նիկոլի անխոչընդոտ մուտքը ԵՊՀ ասածիս վառ ապացույցն է։

Իսկ ո՞ւր են ԵՊՀ գիտխորհրդի անդամ այն համալսարանականները ովքեր 2020 թվականի նոյեմբերի 20-ին իմ առաջարկով ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստի օրակարգ դարձած հարցին ԿՈՂՄ քվեարկեցին և հայտարարություն ընդունեցին՝ որով ՊԱՀԱՆՋՎՈՒՄ էր վարչապետի և կառավարության ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ: Անցել է շուրջ հինգ տարի, աղետաբերը տասնապատկել է այն արհավիրքը, որ կար 2020 թվականին և այդ նույն մարդիկ բացառությամբ մեկ կամ երկուսի լռելյայն հանդուրժում են իրենց կողմից մերժված վարչապետին։

Էստեղ ոչ ոք մեղավոր չէ, մեղավորներ և արդարացումներ պետք չէ փնտրել, էստեղ ոչ Լևոնն է մեղավոր, ոչ Ռոբերտը, ոչ Սերժը, նույնիսկ ազագակործան պատուհաս Նիկոլը մեղավոր չէ, էստեղ միակ մեղավորը համալսարանական հարմարվող հանրույթն է։ Մեղավոր է համալսարանի ռեկտորի աթոռապահը՝ վեց տարի աստվածաբանություն սովորած Հովհաննեսը՝ ում համար նորմալ է, որ իր այսօրվա հյուրը վարկաբեկում ու ստորացնում է Հայ Առաքելական Եկեղեցին և Եկեղեցու հոգևոր դասին։

Իսկ այն մի քանի պատվախնդիր համալսարանական դասախոսներն ու աշխատողները, ովքեր մինչ օրս պայքարում են՝ նրանք էլ իրենց հայրենասիրական դիրքորոշումների համար հալածվում են ԵՊՀ ղեկավարության կողմից կամ հեռացվել են համալսարանից և գտնվում են դատական պրոցեսների մեջ։

Էս էլ կանցնի, ԵՊՀ–ն 37 թիվ է տեսել ու հաղթահարել, էս նիկոլական արհավիրքն էլ կհաղթահարի։ Պարզապես են մարդիկ, որ այսօր լուռ են, թող վաղը չփորձեն բազմապիսի ու բազմաբնույթ արդարացումներ փնտրել։ Գալու է սերունդների առջև պատասխան տալու ժամանակը և հարցը լինելու է շատ պարզ, «Դու, որպես համալսարանական ի՞նչ էիր անում, երբ Նիկոլը և նիկոլականները կործանում էին պետությունը, և պղծում էին ամեն բարոյականն ու հոգևորը»։

Չասեն, որ այն ինչ կատարվում էր քաղաքական էր դրա համար իրենք չէին խառնվում, այստեղ ոչինչ քաղաքական չէ, այս ամենը Հայաստան պետության լինելիության հարցն է և ակադեմիական ու գիտական մտավորականությունը պարտավոր է հավաքական դիրքորոշում հայտնել, իսկ դրա հնարավորությունը ԵՊՀ կանոնադրությունը լի ու լի տալիս է (ԵՊՀ կանոնադրություն, հոդված 49, կետ 16)։

Հ․Գ․ Իսկ այն դեկանները և ամբիոնի վարիչները, ովքեր ԵՊՀ ռեկտորի աթոռապահի պահանջով այսօր կազմակերպված ձևով ուսանողներին պարտադիր – կամավոր սկզբունքով տարել և դարձրել են «ուսանողների հանդիպումը վարչապետի հետ» անունը կրող ֆարսին՝ այլևս համալսարանական բարձր կոչումը կրելու բարոյական իրավունք չունեն, նրանք նիկոլական Հովհաննեսի բարձր աշխատավարձով վարձու աշխատողներն են և ոչ ավելին»։

–00—ՅՄ