Դատավոր Նաիրա Հովսեփյանը կրկին կարգապահական պատասխանատվության չենթարկվեց
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը կրկին կարգապահական պատասխանատվության չենթարկվեց։ ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակեց Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը մերժելու մասին որոշումը։, փոխանցում է «Փաստինֆո»-ն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ մի շարք բողոքներ են ներկայացվել արդարադատության նախարարություն։ Դրանցից մեկով, ի վերջո, ՀՀ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ և միջնորդություն ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Հովսեփյանին։ Նշված վարույթը հարուցվել է փաստաբան Գոռ Մարգարյանի հաղորդման հիման վրա։
Այս վարույթը վերաբերում է Նաիրա Հովսեփյանի կողմից դատական ակտերի ուշացումների հերթական դեպքին։ Մասնավորապես, դեռևս Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում Նաիրա Հովսեփյանը գործերից մեկով վճռի հրապարակման օր է նշանակել 2023թ․ մայիսի 31-ը, սակայն դատական իշխանության պաշտոնական կայքում վճիռը հրապարակվել է 2024թ․ դեկտեմբերի 14-ին, իսկ վճիռի օրինակը գործով անցնող անձանց ուղարկվել է դեկտեմբերի 15-ին։
Դատավորի կողմից սահմանափակվել է դատավարության կողմերի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը, առնվազն՝ մինչև 2024թ․ դեկտեմբերի 6-ը պատասխանողի գույքը գտնվել է արգելանքի տակ, բացի այդ, ակտի ուշացման հետևանքով ակտի ուժի մեջ մտնելն ու կատարումը տեղի է ունենում էական ժամկետային խախտումներով, ինչի հետևանքով պատասխանողից բռնագանձվող գումարի չափի նկատմամբ շարունակվում է հաշվեգրվել տոկոսները՝ մինչև պարտավորության կատարումը։
Բացի այդ, ԱՆ-ն նաև ի գիտություն է ընդունել Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ ԲԴԽ-ում ավելի վաղ քննված գործով որոշումը և կրկին դիմել է ԲԴԽ-ին՝ հաշվի առնելով դատավորի վարքագծի շարունակականությունը և այս ժամանակահտվածում դատավորի կողմից անգործությունը, գտնում են, որ դա պետք է գնահատականի արժանանա։ Կարգապահական վարույթի վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնելիս Նաիրա
Հովսեփյանը կրկին ԲԴԽ-ում խոսել է որդու զոհվելու մասին։
ԲԴԽ-ն էլ, ինչպես նախորդ, այդպես էլ այս անգամ՝ որոշեց ազատել Նաիրա Հովսեփյանին պատասխանատվությունից։
–00—ՅՄ