Արմավիր-Երևան երթուղին ժամանակավոր սպասարկում է նորագյուղցի Բոգոյի ընկերությունը՝ հնամաշ գազելներով

02/06/2025 14:34 Ներքին կյանք

Արմավիրի մարզում միասնական երթուղային ցանցն իրականություն չի դառնում: Արդեն 4 տարի է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն Վարչական դատարանում վիճարկում է Արմավիրի տարածքը սպասարկելու համար հայտարարված մրցույթի արդյունքները: Մինչ այդ, Արմավիրից Երևան և հակառակ ուղղությամբ երթևեկողների համար ժամանակավոր լուծում են գտել. օգտվել հնամաշ գազելների կամ 7 տեղանոց ավտոմեքենաների ծառայություններից ու սպասել դատական վեճի ավարտին: Այս մասին գրում է Հետքը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ընդամենը 19 մեքենա է շահագործվում, որից 16-ը՝ հիմնական, 3-ը՝ պահուստային: Երթուղու երկարությունը 43 կմ է, երթի տևողությունը՝ 1 ժամ 10 րոպե:

Արմավիր քաղաքի բնակիչ Նարեկ Ղևոնդյանը տարիներ շարունակ բարձրաձայնում է Արմավիրի տրանսպորտի վիճակի մասին: Գրություններով դիմել է պատկան մարմիններին, սակայն դրանից իրավիճակը չի փոխվում: «Հետքի» հետ զրույցում Նարեկն ասաց, որ այժմ Արմավիր-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղին շատ քիչ ավտոմեքենաներ են սպասարկում:

Այդ ավտոմեքենաների մի մասը «Գազել» է ու հին: Անսարքության պատճառով ճանապարհներին հաճախ են կանգնում: Մարդիկ ստիպված են լինում շոգ մեքենայի մեջ սպասել, մինչև վարորդներն անսարքությունները վերացնեն: Նարեկ Ղևոնդյանն ասում է, որ  ուղևորատոմսը 500 դրամ է, ինչը թանկ է սպասարկման դիմաց։

Իրավիճակը փրկում են 7 տեղանոց մասնավոր ավտոմեքենաները, որոնք, օգտագործվելով որպես տաքսի, լրացնում են բացը: Սակայն, այստեղ էլ օգտվողները լուրջ խնդիր են տեսնում: Վարորդների նկատմամբ պատշաճ հսկողություն չկա, թեև ուղևորափոխադրում են իրականացնում: Որպեսզի ուսանողները կամ աշխատանքի գնացողները չուշանան, ստիպված օգտվում են այդ ավտոմեքենաներից:

Արմավիրի մարզի միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի մրցույթը կայացել է 2021թ. նոյեմբերի 19-ին, որի արդյունքում Վաղարշապատի տարածարջանը սպասարկվում է «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի կողմից: Իսկ Արմավիրի տարածաշրջանը սպասարկելու համար մրցույթին հայտ ներկայացրած կազմակերպությունները, ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, չեն բավարարել պահանջներին, և մրցույթում հաղթող չի ճանաչվել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ մրցույթի արդյունքները ներկայում վիճարկվում են դատական կարգով: Գործընթացի ավարտից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ մարզում միասնական երթուղային ցանցի ներդրմանը:

Մինչ այդ, նախարարությունը 2024թ. նոյեմբերին հայտարարություն էր հրապարակել՝ «Արմավիր-Երևան» թիվ 207 միջմարզային երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր տրամադրելու մասին: Գնահատմանը մասնակցելու նպատակով ներկայացվել է մեկ դիմում՝ «Երկու ընկեր» ՍՊԸ-ի կողմից:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00–ԱՀ