Վա՜յ այն ժողովրդին, ում առաջնորդը փոքրհոգի է. Եկեղեցին ժայռ է, ով փորձի նրան հարվածել` փշրվելու է

01/06/2025 14:48 Ներքին կյանք

Քրիստոնյա Հայաստանում իշխանության եկած նեոբոլշևիկներն ու գլոբալիստները համառորեն շարունակվում են իրենց պայքարը մեր Սուրբ Եկեղեցու դեմ։ Այս մասին հայտարարել է Վոլգոգրադի հայության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։

«Դրսում թշնամու առաջ խոնարհվում և ձեռք են սեղմում, իսկ մեր հայրենիքում, եկեղեցու վրա` մատ են թափ տալիս։

Այն եկեղեցիները և սրբավայրերը, որոնք այսօր պետության հաշվեկշռի վրա են, դրանք վարչապետի ասած «չուլան» հենց ինքն ու իր կառավարությունն են դարձրել, ինչպես բոլշևիկյան անաստվածության տարիներին պահեստների էին վերածվել։ Ինչպե՞ս կարելի է նման գռեհիկ ձևով արտահայտվել և վիրավորել մի ողջ ժողովրդի կրոնական զգացումներ։ Չէ՞ որ այդ Սուրբ վանքերն ու եկեղեցիները թշնամիներից պահպանելու համար մեր ժողովրդի շատ զավակներ իրենց կյանք են տվել։

Օրվա իշխանությունների պարտավորությունն է վերականգնել և բարեզարդել կիսավեր վանքերն ու սրբավայրերը։ Փոխանակ ամաչելու` հպարտորեն բարձրաձայնում են։ Իսկ այն եկեղեցիները և վանքերը, որոնք եկեղեցուն են պատկանում ` ամեն մեկն իր գեղեցկությամբ մի դրախտավայր է։

«Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առաջ։ Ստի հայրը` սատանան է», – ասում է Սուրբ Գիրքը։

Մինչև կոկորդները մեղքերի մեջ թաղված, հիմա էլ մեղավորներ են փնտրում հոգևորականների մեջ։

Վա՜յ այն երկրին ու ժողովրդին, ում առաջնորդը փոքրհոգի է։

«Չար ծնունդն իր աչքին արդար է երևում։ Անզգամություն ցանողը չարիք է հնձելու» ։(Աստվածաշունչ)

Հայոց Եկեղեցին ժայռ է, ով փորձի նրան հարվածել` փշրվելու է։

Աստված պահապան մեր Հայրենիքին, Եկեղեցուն և ազգին»,- նշել է Տեր Մաղաքիան։

–00—ՅՄ