ՌԴ-ից կենդանիների ներկրումը իրականացվել է կեղծ փաստաթղթերով. ՍԱՏՄ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, որ 10 օր է, ինչ Գոգավանի անցակետից թույլ չեն տալիս Ռուսաստանից ներկրվող ցլիկներով բեռնված բեռնատարների մուտքը Հայաստան։
ՍԱՏՄ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ 190 ցլիկներից բաղկացած խմբաքանակը ներկրվել է կեղծ փաստաթղթերով։
«Հարևան երկրներում կան դաբաղի բռնկումներ, և ՍԱՏՄ-ն պարտավոր է ստուգել բոլոր կենդանիների ուղեկցող փաստաթղթերը, որպեսզի հասկանա, թե այդ կենդանիները որտեղից են բերվում: Խմբաքանակը բերվել է Ռուսաստանի Դաշնությունից, և մենք արդեն այնտեղի համապատասխան կառույցից ճշտել ենք, որ կենդանիներին ուղեկցող փաստաթղթերը իրենց կողմից տրված չեն և կեղծված են: Սա նշանակում է, որ խմբաքանակը անհայտ ծագման է, իսկ անհայտ ծագման կենդանիները ենթակա են կա՛մ վերադարձի, կա՛մ ոչնչացման»,- նշեց Հարությունյանը։
–00–ՍՊ