Իշխանության սրտի դատավորը մասնակցել է մրցույթի և հաղթել․ «Հրապարակ»
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում երկար քննարկումներից հետո որոշվել է Վահե Գրիգորյանի փոխարեն Սահմանադրական դատարան գործուղել «Հանրապետություն» կուսակցության անդամ, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին, ինչի մասին մենք ամիսներ առաջ էինք գրել։
ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու իրավասու սուբյեկտներից այժմ հերթը ՀՀ նախագահինն է, սակայն պարզ է, որ Փաշինյանն է որոշելու, թե ում գործուղել ՍԴ։
Արտակ Զելնալյանի թեկնածությունը քննարկվել է ի սկզբանե, դրանից հետո դիտարկվել է նաեւ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի թեկնածությունը, որը Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է, նրա հետ ժամանակին համատեղ փաստաբանություն է արել եւ դատավոր է նշանակվել 2018-ից հետո: Նա Արսեն Խառատյանի քրոջ ամուսինն է, եւ Հակակոռուպցիոն դատարանում նրան է մակագրվում նախկին իշխանությունների դեմ գույքի բռնագանձման գործերի մեծ մասը, չնայած ակնհայտ կանխակալ մոտեցում ունի նախկինների նկատմամբ եւ ժամանակին նրանց դեմ բազմաթիվ հարցազրույցներ է տվել։
Քանի որ Բադալյանի երազանքը` ՍԴ դատավոր դառնալու, չի կատարվել, նրա սիրտը շահելու համար իշխանությունն այժմ նրա համար որոշել է առաջխաղացում ապահովել։ Բադալյանի անունն ընդգրկվել է առաջխաղացման ենթակա դատավորների ցանկում։ Այդ ցանկում երկուսն են՝ առաջին տեղում Կարապետ Բադալյանն է եւ ոչ պակաս հայտնի, նախկինների գույքերի օրինականությունը քննող դատավոր Նարինե Ավագյանը: Նրանք արդեն մասնակցել են այլ դատավորների հետ առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար մրցույթին եւ հաղթել` դառնալով Հակակոռուպցիոն վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի թեկնածուներ։ Բադալյանն առաջնահերթ կնշանակվի, երբ Հակակոռուպցիոն վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորի տեղ ազատվի։
Կարապետ Բադալյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով մրցույթին իր մասնակցությանն ու նշանակվելուն, ասաց․ «Ցուցակում հայտնվելու համար մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել եմ ԲԴԽ-ում, եւ ընտրվել ենք 2 հոգի՝ ես եւ մեր դատարանից Նարինե Ավագյանը։ Իսկ նշանակվելու հետ կապված՝ կլինի, երբ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավորի ազատ տեղ լինի, այս պահին նման տեղ չկա։ Երբ լինի, այդ ժամանակ կառաջարկեն»։
Ըստ Բադալյանի՝ օրենքը նախատեսում է բոլոր դատարաններին ընդգրկել այդ ցուցակներում․ «Դա բոլոր դատարաններին է վերաբերում, ոչ միայն հակակոռուպցիոնին, եթե նայեք` բոլոր մասնագիտացումների գծով այդպիսի ցուցակներ կան` դատավորների թեկնածուների, առաջխաղացման ցուցակներ»։
– Պարոն Բադալյան, Ձեր անունը քննարկվում էր ՍԴ դատավորի թափուր տեղի համար, Ձեզ առաջարկ եղե՞լ է, եւ ինչո՞ւ Ձեզ չընտրեցին։
– Դե, այդ հարցը չեմ ցանկանում քննարկել, ամեն դեպքում՝ ՍԴ դատարանում, երբ տեղ կա, իմ անունը շրջանառվում է։
– Դուք իշխանությունների հետ մտերիմ հարաբերություններ ունեք, եւ վերջիններս ցանկանում են իրենց մարդուն տեսնել այնտեղ․․․
– Վերջ, ես Ձեր հարցերին պատասխանեցի, հաջողություն Ձեզ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
–00—ՅՄ