«Մակարով» ատրճանակից հրաձգության առաջնություն են կազմակերպել ոստիկանների համար

30/05/2025 22:25 Ներքին կյանք

 

ՆԳ նախարարության ոստիկանության հրաձգարանում անցկացվել է «Մակարով» տեսակի ատրճանակից հրաձգության առաջնություն: Մասնակցում էին տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։

Կանգնած կրակելու վարժությունում առաջին տեղը զբաղեցրել է Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստվածության բաժնից Հովնան Աբրահամյանը։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներ Նարեկ Ոսկանյանն ու Դավիթ Սիլանյանը։

Կանանց մրցապայքարում առաջին տեղը զբաղեցրել է ՔՈ գլխավոր վարչության ծառայող Աննա Պողոսյանը, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրել են նույն վարչության ծառայողներ Մարինե Այվազյանն ու Լյուդմիլա Մարգարյանը։

Վազքով կրակելու վարժությունում տղամարդկանցից ամենադիպուկը կրակել է ՔՈ գլխավոր վարչությունից Մոնթե Հակոբյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է նույն վարչության ծառայող Կարեն Միրզոյանը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ Ոստիկանության զորքերի ծառայող Սամվել Սեդրակյանը։

Կանանց մրցապայքարում 1-ին տեղը զբաղեցրել է Գոհար Համբարյանը՝ Պարեկային ծառայությունից, 2-րդ տեղը՝ ՔՈ գլխավոր վարչության ծառայող Աննա Պողոսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Տաթևիկ Համբարձումյանը՝ Պետական պահպանության գլխավոր վարչությունից։

Թիմային հաշվարկում հաղթող է ճանաչվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության 1-ին թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար՝ Ոստիկանության զորքերի թիմը և ՔՈԳՎ 2-րդ թիմը։

Առաջնության հաղթողներին ու մրցանակակիրներին ՆԳ նախարարության մարտական և ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը հանձնել է մեդալներ, պատվոգրեր և դրամական պարգևներ։

Նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն խթանելու անձնակազմի կրակային պատրաստվածության զարգացումը։

Հաղթողներից կձևավորվեն հավաքական թիմեր՝ ուժային կառույցների միջև անցկացվող Բանակային խաղերին մասնակցելու համար։

–00—ՍՊ