Աննա Հակոբյանը բարեկրթության հանձնաժողով է ստեղծում

30/05/2025 19:53 Ներքին կյանք

Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, որոշել է ձեւավորել «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով:

Աննա Հակոբյանն այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման կենտրոնական կոմիտեն հրավիրում է մշակույթի և արվեստի բնագավառների գործիչների, հռետորության և ճարտասանության մասնագետների և շահագրգիռ այլ անձանց մասնակցելու «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության հանձնաժողովի» աշխատանքներին:

Հանձնաժողովի նպատակներն են.

– Փոխադարձ հարգանքի վրա հիմնված հաղորդակցության և հանրային խոսքի մշակույթի հաստատումը, հանրային միջավայրի լիցքաթափումն ու իրար հետ խոսելու, իրար համբերատար լսելու կարողության զարգացմանը:

– Հանրային ապակառուցողական միֆերի և արատավոր վարքի մոդելների վերարտադրության խաթարումը, կրթության, աշխատանքում արդյունավետության և մրցունակության մոդելներով դրանց փոխարինումը։

– Այն գիտակցության արմատավորումը, որ բարեկրթությունը և համամարդկային արժեքների վրա հենված գիտակցությունը աշխատանքային և այլ հանրային միջավայրերում ընկալվելու և գնահատվելու, մրցունակ լինելու պայման և գրավական են, որ բարեկրթությունը շարունակաբար բարելավելի գիտելիք և հմտություն է։

– Ներդաշնակ և ներառական համակեցության հիմնարար սկզբունքների արմատավորումը։

Հանձնաժողովն աշխատանքը կատարելու է աշխատանքային քննարկումների և նիստերի ձևով, այդ թվում՝ հեռավար։ Հանձնաժողովի աշխատանքների արդյունքներով ձևավորված բովանդակությունը ներկայացվելու է կենտրոնական կոմիտեին՝ դրա հետագա հանրայնացումը կազմակերպելու համար։

Եթե կիսում եք մեր Ռազմավարության գաղափարները, խնդիրներն ու նպատակները, եւ պատրաստ եք մասնակցել «Կրթվելը նորաձեւ է» շարժմանը՝ որպես «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողովի անդամ, խնդրում ենք գրել մեզ learningistrendy.mystep@gmail.com էլ. հասցեով՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրականն ու շատ կարճ մոտիվացիոն նամակը (մինչև 250 բառ)»։

–00—ՍՊ