Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում ցուցադրվել են Հայաստանի առաջին հանրապետության խորհրդանիշներ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Մայիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տոնական համերգը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության օրվան։ 1918 թվականի պատմական այս օրը դարեր տևած մարտահրավերներից հետո սկիզբ դրվեց հայկական պետականության վերականգնմանը։ Համերգին ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ։
Խորհրդանշական երեկոյի ընթացքում նվագախմբի, վիրտուոզ ջութակահար Դիանա Ադամյանի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ հնչել են Էդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնը, Ռապսոդիան, Ֆրանց Վաքսմանի Ֆանտազիան՝ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի թեմաներով, Պաբլո Սարասատեի Գնչուական մեղեդիները՝ ջութակի և նվագախմբի համար։
Երեկոյի երկրորդ հատվածում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է հայկական սիմֆոնիկ արվեստի լավագույն նմուշներից մեկը՝ Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան՝ բաղկացած 4 մասից։ Նշենք, որ «Հրազդան» սիմֆոնիան գրվել է 20-րդ դարի կեսերին՝ Հովհաննես Շիրազի «Հրազդան» պոեմի մոտիվներով։
Ի դեպ, խորհրդանշական այդ օրը համերգային թերթիկները տպագրված էին Հայաստանի առաջին հանրապետության անձնագրերի դիզայնի հիման վրա, որոնք տվյալ ժամանակաշրջանում ծառայում էին որպես անցագրեր: Իսկ Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում ցուցադրվել են Հայաստանի առաջին հանրապետության խորհրդանիշներ` դրամներ, անցագրեր ու այլ փաստաթղթեր։