Չկա նիկոլականության դեմ Հայ ժողովրդին համախումբ պայքարի հանող Առաքելական կոչնակը․ Ավետիսյան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

ԵՊՀ դասախոս, հասարակական գործիչ Արմեն Ավետիսյանը գրում է․
«Խոսքերն ուժեղ են, գործը՝ թույլ. ու՞ր է Վեհափառի վճռականությունը:
Այսօր Նիկոլը կառավարության նիստի ընթացքում հերթական անհարգալից արտահայտությունը արեց՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցուն։ «Չուլանացված են»՝ այսպես բնութագրեց նա եկեղեցիները՝ ակնարկելով, թե իբր դրանք վերածվել են պահեստների՝ լցված մետլախով, ցեմենտով ու հին շինանյութով։ Սա պարզապես կոպիտ լեզվական վրիպակ չէր, սա վերաբերմունք էր ձևավորված նիկոլական իշխանության կողմից, ոչ թե որևէ մեկի անձնական կարծիք, այլ պետական մակարդակով հնչեցված, բացահայտ արհամարհանք՝ ազգային սրբությունների նկատմամբ։
Նիկոլի և նիկոլականների հետ կապված ամեն ինչ պարզ է, նրանք 2018 թվականի ապրիլի 23-ից հետևողականորեն վարկաբեկում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և խարխլում նրա հիմքերը:
Այս իմաստով առավել տագնապալի է ոչ թե Նիկոլի արտահայտությունը, այլ Առաքելական Եկեղեցու գերագույն հոգևոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի նիկոլականության դեմ գործելու վճռականության բացակայությունը: Գործողության բացակայություն, որը զարմանալի չէ գոնե մեզ՝ հավատացյալներիս համար, որովհետև վերջին տարիներին այն զգացվում է ամեն անգամ, երբ Եկեղեցին դառնում է հարվածի թիրախ՝ ո՛չ միայն խոսքով, այլև գործով։
Մինչդեռ անցած տարիներին Վեհափառը բազմաթիվ անգամներ հանդես է եկել հնչեղ ուղերձներով, նա խոսել է ազգային ինքնության կարևորության, հոգևոր արժեքների պաշտպանման, եկեղեցու նկատմամբ աճող ճնշումների մասին, դիմել է ժողովրդին, իշխանությանը, մտավորականներին՝ կոչ անելով պահպանել հավատքի ու ազգային հիմքերի ամրությունը։
Բայց այդ բարձրագոչ բառերը մնացել են լոկ հայտարարություններ։ Որովհետև խոսքից հետո չի հետևել ոչ վճռական հետևողականություն, ոչ հասցեական դիրքորոշում, ոչ էլ իրական գործողություն՝ եկեղեցու անունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար։ Իսկ ասածիս բացակայության հետևանքն այսօր տեսանելի է ամենուր։
ՀՀ վարչապետը համարձակվում է եկեղեցիների վրա «չուլան» կոչելով, որովհետև գիտի՝ պատասխան չի ստանալու, գիտի, որ Վեհափառը կամ չի արձագանքի, կամ կարձագանքի այնպես, որ գործնականում ոչինչ չի փոխվի։
Եկեղեցին մեր պատմության մեջ երբեք միայն աղոթքի վայր չի եղել, այն եղել է առաջնորդության կենտրոն։ Երբ տարբեր ժամանակներում քաղաքական ու հասարակական գործիչները լռել են, հոգևորականներն են խոսել, երբ ճակատագրական պահեր են եղել, հենց եկեղեցին է առաջնորդել ժողովուրդը, իսկ այսօր երբ ազգովի նվաստացած, պարտված ու խոցված ենք մեր հոգևոր առաջնորդը կամ լռում է, կամ իր իսկ խոսքից գործի չի անցնում։ Ավելին, Եկեղեցին չկանգնեց իր իսկ հոգևոր եղբոր կողքին (բացառությամբ հազիվ մեկ տասնյակի հասնող բարձրաստիճան հոգևորականների) ով Նիկոլի ու նիկոլականության դեմ պայքարի դրոշ էր բարձրացրել և մինչ օրս շարունակում է սրբազան պայքարը, այլև դիստացավորվեց ու հրաժարվեց միաբանվել հանուն Հայոց պետության ու հավատավոր Հայ ժողովրդի:
Այլև ներքին խոսակցությունների ժամանակ չմիանալը հիմնավորեց պայքարի անհեռանկար ու հաջողություն չունենալու կանխագուշակ մոտեցմամբ: Եկեղեցու զանգերը առ օրս լուռ են, չկա նիկոլականության դեմ Հայ ժողովրդին համխումբ պայքարի հանող Առաքելական կոչնակաը:
Սա սովորական դիվանագիտություն չէ, սա հարմարվողականության քաղաքականություն է։ Եվ այդ հարմարվողականությունը սպառնալիք է հենց Եկեղեցու հեղինակությանը։ Եթե խոսքն ու գործը չեն համընկնում, ապա վստահությունը քայքայվում է։ Իսկ երբ Կաթողիկոսը լռում է այնտեղ, որտեղ պետք է բարձրաձայն գործի, հավատացյալների մոտ սկսում է երերալ հավտքն առ Եկեղեցի, եկեղեցիականն ու հոգևորը։
Վեհափառը դեռ ունի հնարավորություն վերագտնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անփոխարինելի դերն ու առաջնորդողի պատասխանատվությունը, բայց ժամանակը սուղ է, իսկ հապաղելու գինը՝ չափազանց թանկ։
Հ.Գ. Այս ամենը գրում եմ հոգու խորը տագնապով, առնաց ամբարտավանության, միայան ու միայան որդիական սիրով ու խոնարհությամբ»:
–00—ՍՊ