Տաղանդավոր մարդ. Միշուստինը շնորհավորել է քանդակագործ Ֆրանգուլյանին
29/05/2025 12:51
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնի քանդակագործ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանին շնորհավորել է ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան-ն:
«Դուք վառ, բազմաբովանդակ տաղանդի տեր մարդ եք, որի հազվագյուտ տաղանդը մարմնավորվել է արտասովոր դրամատիկ և սրտահույզ մոնումենտալ կոմպոզիցիաների, քանդակների և հուշարձանների մեջ։ Ձեզ հաջողվում է օրգանապես համադրել ակադեմիական ավանդույթներն ու կոմպոզիցիոն նորամուծությունները, ճշգրիտ փոխանցել անձի խառնվածքի ուժը, ազնվականությունը, պոեզիան, խորությունը», – ասված է վարչապետի ուղերձում, որը հրապարակվել է կառավարության կայքում:
Միշուստինն ընդգծել է, որ Ֆրանգուլյանի ստեղծագործությունները զարդարում են ինչպես բազմաթիվ քաղաքների փողոցներն ու հրապարակները, այնպես էլ աշխարհի լավագույն թանգարանների հավաքածուները։
«Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, առողջություն և արևշատություն», – եզրափակել է ՌԴ վարչապետը։
Գեորգի Վարդանի Ֆրանգուլյանը ծնվել է 1945 թ. մայիսի 29-ին Թբիլիսիում: 1956 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ 1969-ին ավարտել է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական և արդյունաբերական ուսումնարանի (այժմ՝ Ս. Գ. Ստրոգանովի անվան Ռուսաստանի պետական գեղարվեստական և արդյունաբերական համալսարան) մոնումենտալ և դեկորատիվ քանդակի բաժինը):
Քանդակագործի հայտնի մոնումենտալ ստեղծագործություններից են Ալեքսանդր Պուշկինի (Բրյուսել, 1999), Արամ Խաչատրյանի (Մոսկվա, 2006), Իոսիֆ Բրոդսկու (Մոսկվա, 2011), Սամուիլ Մարշակի (Մոսկվա, 2022), Բուլատ Օկուջավայի (Մոսկվա, 2002), կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի (Բալտիյսկ, Կալինինգրադի մարզ, 2004) և այլ նշանավոր անձանց հուշարձանները։
–00-ԱՀ