Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը

29/05/2025 12:20 Ներքին կյանք

Ազգային ժողովը մայիսի 29-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Կրիպտոակտիվների մասին»  մայր օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքով Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտը կարգավորված չէ: Նշվել է, որ «Կրիպտոակտիվների մասին»  օրենքի նախագծով սահմանվում են կրիպտոակտիվներով մատուցվող այն 10 ծառայությունների տեսակները, որոնք լիցենզավորում են պահանջում:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Զեկուցողը ներկայացրել է առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունը , որը վերաբերում է բանկերի կողմից կրիպտոակտիվներին տրամադրվող ծառայություններին:

Նշվել է, որ նախաձեռնության վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն եղել:

Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ հորդորել կողմ քվեարկել:

Պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

–00–ԱՀ