Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին

29/05/2025 11:10 Ներքին կյանք

ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով՝ Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին»։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ տուբերկուլյոզով հիվանդացությունը և մահացությունը վերջին տասնամյակների ընթացքում էականորեն նվազել են՝ 2023 թվականին 100,000 բնակչի հաշվարկով հասնելով մինչև համապատասխանաբար 13.5 և 0.84 (առանց ՄԻԱՎ-դրական ՏԲ մահացության)։ Արդյունքում Թոքաբանության ազգային կենտրոնի մահճակալային ֆոնդը թերբեռնված է։ Զուգահեռաբար իրականացվել են նաև բուժման մարդակենտրոն մեխանիզմների ներդրում, բարելավվել է տուբերկուլյոզով հիվանդների համար ծառայությունների հասանելիությունը, ծառայությունները մատուցվում են նաև արտահիվանդանոցային պայմաններում։

«Չնայած ընդհանուր մահացության ցուցանիշի նվազմանը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում տուբերկուլյոզի հիվանդացության և մասնավորապես մահացության կառուցվածքում դեղակայուն տուբերկուլյոզի, ինչպես նաև ՏԲ-ՄԻԱՎ համավարակի տեսակարար կշիռը գրեթե չի փոփոխվում՝ 2023 թվականին ՏԲ-ի բուժման հաջող ելքը կազմել է 84%, իսկ ՏԲ-ՄԻԱՎ համավարակի դեպքում չի գերազանցել 68%-ը։ ՄԻԱՎ հայտնաբերման ցուցանիշի աճը խոսում է այն մասին, որ ՏԲ–ՄԻԱՎ զուգակցված դեպքերը նույնպես կարող են աճ գրանցել»,- նշված է նախագծում։

–00–ԱՀ