Մայիսի 28-ը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Տիգրան Ավինյան

28/05/2025 17:39 Ներքին կյանք

Մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին հանրապետության օրը, հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը միասնական ոգով պաշտպանեց իր ապրելու և անկախ լինելու իրավունքը։

1918 թվականի այդ վճռորոշ օրերը դարձան նոր պետականության հիմք, որ ծնվեց պայքարից, հավատից ու նպատակային տեսլականից։

Երևանը՝ Առաջին հանրապետության մայրաքաղաքը, այսօր էլ արժանապատվորեն կրում է այդ պատմական ժառանգությունը՝ զարգանալով, կայունանալով և ուժեղացնելով մեր անկախ պետականությունը։

Շնորհավորում եմ մեր բոլոր քաղաքացիներին այս հպարտության, արժանապատվության և պետական մտածողության օրը։

Ավանդույթի համաձայն՝ այս տոնը նշում եմ Ապարանում՝ ապարանցիների և քաղաքի հյուրերի հետ՝ հարգանքի տուրք մատուցելով մեր հերոսներին և նրանց գործին։

Փա՛ռք մեր հերոսներին։

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է նա։

–00—ՅՄ