Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան, վերաքննիչն անփոփոխ է թողել կալանքը

28/05/2025 16:40 Ներքին կյանք

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործն արդեն դատարան է ուղարկվել, առաջիկայում հայտնի կլինի, թե որ դատավորը կքննի այն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քրեական գործը, որով քրեական հետապնդում է իրականացվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ՝ վերաբերում է կաշառք ստանալուն։ Քրեական գործի համաձայն՝ դատավորը կաշառք է պահանջել և ստացել՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճելու համար։ Քրեական գործով կալանավորվել են Արտուշ Գաբրիելյանը, նրա օգնականը և ենթադրաբար կաշառք տվող անձը։ Արտուշ Գաբրիելյանը մեղադրանքը չի ընդունում։

Ի դեպ, Արտուշ Գաբրիելյանը նաև առաջին դատավորն է, որն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ և 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար:

–00–ԱՀ