Մայիսի 28-ը կենդանի հիշեցում է, որ անկախությունը արժեք է, որը պետք է պաշտպանել նվիրումով

28/05/2025 11:34 Ներքին կյանք

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«Մայիս 28. ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊՐՈՂ ՈԳԻՆ

Այս օրը խորհրդանիշն է մեր սուրբ երդման`պահպանելու, արժևորելու ու զորացնելու պետականությունը, որի գինը հայ ազգի արյունն էր, հայրենի հողի հանդեպ սերն ու պետության նվիրական երազանքը։

1918թ. մայիսի 28-ին սեփական հայրենիքում հազարամյակներ շարունակ ապրող մի հերոս ժողովուրդ, հերոսների սխրանքներից ծնված կամքով հռչակեց՝ Հայաստանն անկախ է, մենք այլևս պետականության տեր ենք:

Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան մեր ոգու, անմատչելի նվիրումի, մեր անսասան գոյության ճիչերն են։ Այդպես մենք կերտեցինք հայկական պետություն հարյուրամյակների ընդմիջումից հետո։

Մայիսի 28-ը կենդանի հիշեցում է, որ պետականությունն ու անկախությունը արժեքներ են, որոնց պետք է վերաբերվել խնամքով, պաշտպանել նվիրումով։

Այսօր, ինչպես 106 տարի առաջ, մեզ պատուհասած սպառնալիքներին դիմագրավելու համար անհրաժեշտ է համախմբում՝ աշխարհասփյուռ հայությամբ ու առանց իրար հանդեպ թշնամանքի, հանուն մեր իսկական պաշտպանի` Հայոց պետականության:

Շնորհավոր մայիսի 28:

Խոնարհումս բոլոր նրանց հիշատակին, ովքեր կյանքի գնով պսակեցին այս օրը»։

–00—ՅՄ