Երևանում՝ Նոր Նորքում, կրկին թալանել են էլեկտրոնային ծխախոտների խանութը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Երեկ՝ մայիսի 25-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հերթական խանութի թալանման դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գայի պողոտա 16/20 հասցեում գործող «Սմոլ հաուս Արմենիա» խանութը թալանել են։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մայիսի 24-ի ժամը 22։00-ից միչև մայիսի 25-ի ժամը 09։50-ն ընկած ժամանահատվածում անհայտ անձը, կոտրելով նշված խանութի երկաթե դուռը, մտել է ներս և այնտեղից հափշտակել էլեկտրոնային ծխախոտներ։
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
–00—ՅՄ