Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում. ՀԿԵ-ն՝ ողբերգական դեպքի մասին

25/05/2025 21:58 Ներքին կյանք

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։»։

Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ-ն ևս տեղեկատվություն էր հրապարակել երկաթգծում տեղի ունեցած պատահարի վերաբերյալ, որի հետևանքով զոհ էր գրանցվել․ «Մայիսի 25-ին, ժամը 14:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ <<Էջմիածին>> երկաթուղային կայարանի մոտակայքում Գյումրի-Երևան երթուղին սպասարկող մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել Ն. Է.-ին (ծնվ. 2009 թ.), ով տեղում մահացել է:»

 

–00—ԱՊ