«Պետությունն օրենսդրորեն լեգիտիմացնում է դասակարգային խտրականություն»․ քաղաքագետ

24/05/2025 21:31 Ներքին կյանք

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․ Զինծառայությունից փողով ազատվելու վերաբերյալ աղմկահարույց օրենքի վերաբերյալ քննարկումներում արժեքային շեշտադրումը արվում է այն ուղղությամբ, որ բարոյական չէ լեգիտիմացնել ապօրինությունը, նաեւ սահմանել բանակից ազատվելու «սոցիալական հիմք»:

Սրանք իհարկե կարեւոր քննարկումներ են:

Բայց,, այստեղ հարցը միայն բանակը չէ: Կրկնեմ, իհարկե բանակի ասպեկտը չափազանց կարեւոր ու առանցքային է, սակայն հարցի արժեհամակարգային կողմն ու կարեւոր այլ շերտ եւս:

Ընդհանրապես, հակասոցիալական, հակահանրային է, երբ պետականորեն սահմանվում է սոցիալական խտրականություն, երբ հարուստ լինելը պետական մակարդակով ընձեռում է հնարավորություն: Այս օրենքը ստեղծում է արժեհամակարգային վտանգավոր նախադեպ բոլոր առումներով, ոչ միայն բանակի:

 

Աննթույլատրելի է այդպիսի նախադեպի ստեղծումը, քանի որ խախտվում է իրավահավասարության սկզբունքը՝ խախտվում է փողի հիմքով: Վաղը կարող է կայացվել որոշում, որ հարուստներն օրինակ կարող են այս երկրում ունենալ այլ արտոնություններ: Չկասկածեք, որ մի հնչեղ եւ «ռեֆորմիստական»» ձեւակերպում կգտնվի, եւ կգտնվի սազանդարների մեի շոշափելի բանակ, որ «կհիմնավորի» այդ կարեւորագույն «ռեֆորմի» անհրաժեշտությունը:

Ընդ որում, նկատեմ նաեւ, որ ըստ իս տեղին չէ նաեւ համեմատությունն օրինակ «հասարակաց տները» օրինականացնելու հետ: Այդտեղ եւս կա իհարկե արժեհամակարգային կամ բարոյական նորմերի խնդիր, բայց սկզբունքային իմաստով այդ խնդիրը գտնվում է այլ հարթության մեջ՝ մեկը կարող է այս կերպ վերաբերել այդ երեւույթին, մյուսը՝ այլ կերպ, բայց այդտեղ չկա պետականորեն անիրավահավասարության սահմանում՝ հարուստներին փողի հիմքով տրվող արտոնության սահմանում:

Հետեւաբար, այս օրինակները համեմատելի չեն: Այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ պետությունը օրենսդրորեն լեգիտիմացնում է դասակարգային խտրականություն:

–00–ՍՊ