Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Իրանը կողմ է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն կարևորում է, որ դա անպայման լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին:
«Մենք աջակցում ենք խաղաղությանը: Մենք աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին ու կաջակցենք: Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների, նաև տարածաշրջանի շահերից: Եվ պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ համաձայնագրի ստորագրման գործին»,–ասաց դեսպանը:
Նա հիշեցրեց՝ Իրանը ողջունել է Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
«Սա կարող է տարածաշրջանում ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք: Բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո: Եվ ես կարծում եմ, որ այդ նախագիծը կնպաստի տարածաշրջանում ապրանքների տեղափոխմանը»,–ասաց նա:
–00–ԱՀ