Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ մանկապարտեզի մասնաշենքը տարեկան 165 հազար դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել Ա.Մ.-ին:
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2017 թվականի փետրվարի 27-ին կնքված պայմանագրի հետևանքով՝ վարձակալության հանձնված վերոնշյալ անշարժ գույքը չի ներառվել 2023 թվականի հոկտեմբերի 24-ին մեկնարկած՝ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ծրագրում: Արդյունքում՝ Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզն ամբողջությամբ չի հիմնանորոգվել:
Տավուշի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Իջևան համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը լուծելու և Իջևան համայնքի՝ վերոնշյալ գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունքը վերականգնելու ուղղությամբ՝ հնարավորություն ստեղծելով հիմնանորոգման աշխատանքներում հետագայում ներառել նաև մանկապարտեզի՝ ծրագրից դուրս մնացած մասնաշենքի հատվածը:
Իջևան համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Խաշթառակ բնակավայրի 9-րդ փողոց 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցումը չեղարկվել է. Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի՝ 198.45 քմ մակերեսով մասնաշենքը:
–00—ՅՄ