Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնին նվիրված գիտաժողով են անցկացրել
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Մայիսի 19-ին տեղի ունեցավ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տասնամյակին նվիրված «Համագործակցություն հանուն փրկության» 10-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը:
Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Փրկարար ծառայության ներկայացուցիչներ, հյուրեր:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի անունից շնորհավորելով Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տասնամյակի կապակցությամբ` Կամո Ցուցուլյանը նշեց, որ կենտրոնն արդեն իսկ կայացած կառույց է, որը արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և հումանիտար աջակցության ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացրել` գրանցելով շոշափելի ձեռքբերումներ:
ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարար Ալեքսանդր Կուրենկովի անունից ներկաներին շնորհավորեց Վյաչեսլավ Բուտկոն:
Շնորհավորական խոսք ասաց նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Գիտաժողովի ընթացքում քննարկումներ ծավալվեցին հրդեհների ժամանակ խնդիրները և մարտահրավերները, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում կամավորների դերը, արտակարգ իրավիճակների կանխատեսում և այլ ուղղություններով:
Չինացի գործընկերները տեսակապով ներկայացրեցին արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման իրենց փորձը:
Գիտաժողովի շրջանակում տեղի ունեցավ նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստ, որի ընթացքում քննարկվեցին ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Ավարտին՝ մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:
Ռուսական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։
–00—ՍՊ